Կարևոր չէ՝ որքան հզոր ես կամ որքան մեծ է քո բանակը. Արմեն Սարգսյանի պատասխանը Ալիևին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որտեղ կիսվել է, թե ինչպիսին է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Պատասխանելով ներկաներից մեկի հարցին նա, մասնավորապես, ասել է.
«Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։
Հիշեցնենք օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ուժային գործոնն այսօր աշխարհում առաջին պլանում է: Այդ սկզբունքից ելնելով նա նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Այսօր աշխարհում տիրում է «Ճիշտ է նա, ով ուժեղ է» սկզբունքը: Դա նոր իրականություն է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ նոր փոփոխությանը: Հուրախություն մեզ, մենք արդեն երկար տարիներ մեծացնում ենք տնտեսական և ռազմական հզորությունը: Մենք պատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակին և այժմ պատրաստ ենք դրան: Այդ պատճառով էլ ուժային գործոնը միշտ եղել և մնում է օրակարգում: Մենք տեսնում ենք դա ոչ միայն մեր հակամարտության օրինակով, այլև շատ այլ հակամարտությունների: Այդ պատճառով էլ մենք կկիրառենք տարբեր միջոցներ, և մեր տարածքային ամբողջականության վերականգնումը մեր հիմնական խնդիրն է»,- ասել էր Ադրբեջանի նախագահը: