Հայաստանը պետք է բացառի իր արտաքին «և՛- և՛»-ի քաղաքականությունը, որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ Հայաստանը կտանի կործանման: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
«Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին, այնպես էլ ներկա իշխանությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ասել է թե՝ արտաքին անվտանգությունը, շարունակում է ամբողջությամբ կառուցել «և՛-և՛»-ի սկզբունքով, որն, ինձ համար, ուղղակի անթույլատրելի է: Ինչու է անթույլատրելի, որովհետև, ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս համար, Հայաստանի և՛ արևելքից, և՛ արևմուտքից՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ունենք դարավոր թշնամիներ:
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ իշխանության, պարտադիր պետք է որդեգրի ոչ թե «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը՝ մեկ ոտքով Ռուսաստան, մեկ ոտքով Արևմուտք, այլ բացառապես համագործակցի հայ ժողովրդի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան ժամանակաշրջանում, որտեղ գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն կամ դաշնակից բարեկամություն անել երկու գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության և արևմուտքի հետ:
Այսինքն՝ Հայաստանը պետք է բացառի իր արտաքին «և՛- և՛»-ի քաղաքականությունը, որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ Հայաստանը կտանի կործանման: Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի ռազմավարական գործընկեր, քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ միասին՝ միաժամանակ անսասան պահելով հարևան պետությունների՝ Իրանի և Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունները:
Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ հայկական բարձրավանդակում խաղաղություն և անվտանգություն ապահովելը բացառապես կախված է ինչպես անընդհատ հզորացող Հայոց Ազգային Բանակից, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի, հատկապես Ռուսաստանի կողմից հիմնադրված ռազմաքաղաքական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ ազնիվ, հավատարիմ ու բարեկամական հարաբերություններից:
Ավելին՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն անհնարինը դարձնելու է հնարավոր՝ բացառապես նպաստելով ինչպես Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացմանը, հայ-ռուս ժողովուրդների բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության կատարելիությանը, այնպես էլ ՀԱՊԿ ընտանիքում Հայաստանի Հանրապետության հեղինակության անընդհատ բարձրացմանն ու Հայաստանի միջոցով Երկիր մոլորակի պետությունների համար ՀԱՊԿ-ի կարևորագույն դերի անհրաժեշտության քարոզչության իրականացմանը:
Ինձ համար տարօրինակ է, որ Հայաստանում, հայ հասարակության մեջ, դեռ կան խմբեր, որոնք պաշտպանում և երկրպագում են ոչ միայն արևմուտքի այլասերված ազատություններն ու բարքերը, այլ նաև փորձում են Հայաստանում հող նախապատրաստել իբրև արդարության և խաղաղության պաշտպաններ, իսկ իրականում՝ Երկիր մոլորակում բնակվող անկախ և ինքնուրույն պետությունների Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք կոչվող ՆԱՏՕ-ի համար:
Ուզում եմ միանգամից հիասթափեցնել ՆԱՏՕ-ի համար Հայաստանում ոտնատեղ փնտրող, արևմուտքի այլասերված բարքերը իրենց մեջ կրող հայրենադավներին. բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմաքաղաքական գործունեության համար կենսական ընտանիք հանդիսացող ՀԱՊԿ-ին երբևէ փոխարինի ՆԱՏՕ-ով: Այսինքն՝ Հայաստանի արտաքին գործունեությունը բացառապես լինելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ:
Ամփոփելով միտքս՝ հայտարարում եմ. Հայաստանի արտաքին անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ Հայոց Ազգային Բանակ և ՀԱՊԿ»,- ասված է հայտարարության մեջ: