Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
Բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձիք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Համապատասխան որոշում կայացրել է գործադիրն այսօրվա նիստում:
Ըստ հիմնավորման, բացառիկ դեպքերը հետևյալներն են` Մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները: Սպորտի բնագավառում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:
Գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները: Նշվում է նաև, որ քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական լիազոր մարմնի ներկայացմամբ: