26.11.2024
Քննարկվել է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը. ՀՀ-ում է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալը
prev Նախորդ նորություն

Վրաստանի հայերի և ադրբեջանցիների գրեթե կեսը պետական լեզվին ընդհանրապես չի տիրապետում. NDI

Վրաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների գրեթե կեսը պետական լեզվին ընդհանրապես չի տիրապետում: Դա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) օրերս հրապարակած հետազոտության արդյունքները:


Դրանց համաձայն, Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Կախեթի այն բնակավայրերում, որտեղ հայերը կամ ադրբեջանցիները բնակչության առնվազն 40 տոկոսն են կազմում, հարցվածների միայն 4 տոկոսն է նշել, որ ազատորեն տիրապետում է վրացերենին:


Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների ևս 16 տոկոսը վրացերենի սեփական իմացությունը միջին, իսկ 29 տոկոսը` սկսնակ մակարդակի է գնահատել:


Սոցիոլոգների կողմից հարցված վրաստանաբնակ հայերի և ադրբեջանցիների 44 տոկոսն անկեղծորեն խոստովանել է, որ պետական լեզվի անգամ բազային գիտելիքներին չի տիրապետում:


Ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվերով անցկացված այս հարցման հեղինակները նաև փորձել են պարզել, թե ինչպես են վերաբերվում Վրաստանում բնակվող հայերը և ադրբեջանցիները երկրի եվրատլանտյան ինտեգրման հեռանկարներին:


Դատելով հետազոտության արդյունքներից` Եվրամիությանը Վրաստանի անդամակցությանը կողմ է հարցված հայերի և ադրբեջանիցների 58 տոկոսը, դեմ` 18 տոկոսը:


Հետազոտության հեղինակների պնդմամբ, Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման կողմնակիցների թիվը Վրաստանի ազգային փոքրամասնությունների շրջանում տարեցտարի ավելանում է:


Գրեթե չորս տարի առաջ` 2015 թվականի ապրիլին անցկացված հարցման ընթացքում ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը կողմ էր արտահայտվում երկրում բնակվող հայերի և ադրբեջանցիների 39 տոկոսը` գրեթե 20 տոկոսով պակաս, քան այսօր:


Ինչ վերաբերում է Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, ապա այդ հեռանկարի հանդեպ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն անհամեմատ ավելի զուսպ են տրամադրված:


NDI-ի հարցման համաձայն, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը կողմ է արտահայտվել վրաստանաբնակ հայերի և ադրբեջանցիների 48, դեմ` 18 տոկոսը, հայտնում է Ազատությունը:


Սոցիոլոգները, սակայն, արձանագրում են, որ ազգային փոքրամասնությունների շրջանում ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների թիվը ևս աճում է:


«2015-ին Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը կողմ արտահայտվող և ընդդիմացող հայերի ու ադրբեջանցիների թիվը գրեթե հավասար էր», - նշում են հարցման հեղինակները: