26.11.2024
Ադրբեջանի հետ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է. Մնացականյան
prev Նախորդ նորություն

Խաղաղության նախապատրաստվելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն անհասկանալի է. Բալասանյան

Ադրբեջանի հետ խաղաղության նախապատրաստման մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարություններն անհասկանալի են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի համար: Այս մասին նա հայտարարեց Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, ասաց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։


«Բանակցություններն այժմ չեն գնում կոնկրետ փաստաթղթի շուրջ: Դրանք բանավոր են: Նախ պետք է կնքվի խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք այդ փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը», - ասավ Բալասնյանը՝ պատասխանելով VERELQ-ի հարցին՝ նկատելով, որ առանց խաղաղության պայմանագրի անհասանալի է ժողովուրդների խաղաղության պատրաստելու մասին պնդումներն ու հայտարարությունները: «Ժողովուրդ հիմա հարց եմ տալիս՝ դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության», - հարցադրում հնչեցրեց Բալասանյանը՝ վերստին նշելով, որ անհրաժեշտ է իրավական ուժ ունեցող փաստաթուղթ:


Այսպես նա փաստացի հակադարձեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այն պնդումներին, որ խաղաղության շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները եւ երկու կողմերի հասարակություններին խաղաղության պատրաստելը կարեւոր է:


Բալասանյանը հիշեցրեց, որ պատերազմը մեզ պարտադրվել է, «մենք պարտադրված ենք մտել պատերազմի մեջ»։ «Մենք գտնվել ենք շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գտնվել է շրջափակման մեջ։ Մենք պարտադրված մտել ենք պատերազմի մեջ։ Մենք ընդունել ենք մեզ պարտադրված պատերազմը։ 1988թ.–ին մենք, հիմք ընդունելով ԽՍՀՄ սահմանադրության ազգերի ինքնորոշման իրավունքի հոդվածը, գնացինք ինքնորոշման։ Բայց դրա դիմաց մեզ պարտադրեցին այդ պատերազմը»,– ասաց Բալասանյանը` հիշեցնելով, որ 1920թ.–ին ԼՂԻՄ–ը բռնակցվել էր Ադրբեջանին։


Այսօր էլ Բալասանյանի համոզմամբ ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի ժողովուրդը պատերազմ չեն ցանկանում։ Բայց խաղաղության համար անհրաժեշտ է այն երաշխավորող փաստաթուղթ, որը, նրա խոսքով, պետք է կնքվի ԵԱՀԿ ՄԽ–ի հովանու ներքո։


Իսկ խաղաղության դիմաց տարածքներ զիջելու հարցին, Բալասանյանը «միանշանակ` ո՛չ» պատասխանեց։


«Արցախյան ժողովուրդը և համայն հայությունը պատրաստ չեն որևէ տարածքային զիջման` ինչ-որ բանի դիմաց։ Մենք ժամանակին այդ զիջումներն արել ենք։ Մենք 1988-ին զիջումներ արել ենք, 1991-ին զիջումներ արել ենք, երբ Արցախը այն ժամանակ անկախ հռչակվեց` Հայաստանին միանալու փոխարեն։ 1991-94թթ–ին զիջել ենք, երբ Ադրբեջանում վիճակը վատ էր, մենք պահպանել ենք ՄԱԿ—ի 4 բանաձևերը, իսկ իրենք այդ ընթացքում զորք էին կուտակում։ Մենք 1994թ–ի մայիսի 12-ին զիջել ենք։ Մենք 4 անգամ Ադրբեջանին զիջել ենք»,– ասաց Բալասանյանը։


Նրա խոսքով` Հայաստանն ու Արցախն Ադրբեջանին զիջել են անգամ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմն արդեն պատրաստ էր հակահարձակողական պատերազմի։


Այդուհանդերձ, բանակցային գործընթացը, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի համոզմամբ, անհրաժեշտ է։ «Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ, որևէ մեկին թույլ չի տրվելու», - ընդգծել է Բալասանյանը, պատասխանելով հարցին, թե Դավոսում ինչ հարցեր են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Որևէ մեկն իրավունք չունի, կապ չունի՝ ով է դա ասողը կամ բանակցողը, Արցախի Հանրապետության պետականության, ամրագրված սահմանադրության և մնացած օրենքներով, բանակցել, խոսել», - ասել է Բալասանյանը:


Անդրադառնալով այն հարցին, թե այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, Բալասանյանն արձագանքել է.«Միանշանակ։ Ժամանակները փոխվել են»։