ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում վերսկսել բարեփոխումները
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ողջունում է Սահմանադրության դրույթներին համապատասխան եւ խաղաղ եղանակով իշխանափոխության հասնելու Հայաստանի կարողությունը: Այս մասին ասվում է հունվարի 24-ին պատվիրակությունների կողմից հաստատված բանաձեւում:
ԵԽԽՎ-ն հավանություն է տվել Ռոջեր Գեյլի զեկույցի հիման վրա բանաձեւին, որն ամփոփել է 2018 թվականին ԵԽԽՎ մոնիթորինգային գործունեությունը եւ ներկայացրել է երկրների առաջընթացի գնահատականները, որոնք ենթակա են մոնիթորինգի:
«Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում համընդհանուր ընտրություններից հետո վերականգնել առանցքային ոլորտներում բարեփոխումները, ինչպիսիք են ընտանեկան բռնության դեմ պայքարը եւ ընտրողներին կաշառելու եւ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահման դեմ արդյունավետ պայքարի համար օրենքների ընդունումը, ապահովել, որպեսզի բոլոր քրեական հետապնդումները, այդ թվում 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի եւ կոռուպցիայի մեղադրանքների հետ կապված, խստորեն անցկացվեն օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության եւ արդար դատական քննության սկզբունքների պահպանմամբ, որոնք ներկայացված են Մարդու իրավունքների կոնվենցիայում», -ասվում է ընդունված փաստաթղթում, գրում է news.amը:
Դեյլի զեկույցը մանրամասն ներկայացնում է Հայաստանում վերջին իրադարձությունները, մասնավորապես 2018 թվականի քաղաքական փոփոխությունները եւ իշխանափոխությունը: