27.11.2024
Մետրոյի կայարաններ, ճոպանուղի․ Երևանի գլխավոր ճարտարապետը խոսեց ռազմավարական ծրագրերից
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի ռազմավարությունը ՀՀ-ում՝ հակաիրանական պլացդարմ և ՌԴ-ՀՀ կապերի թուլացում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:  


«Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ», - հայտնել է Փաշինյանը: Բայց որ ամենակարևորն է՝ վարչապետը հավելել է, որ Արցախյան հիմնահարցին անդրադարձ չի եղել:


Ուշագրավ է, որ Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո ՀՀ վարչապետը զրույց է ունենում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ և ոչ ՌԴ-ի կամ Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, որոնք ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են:


Բոլթոնի երևանյան այցից հետո ու այստեղ հնչեցրած բազմաթիվ մեսիջները կարծես թե սկսում եմ կյանքի կոչվել. Հայաստանի խորհրդարանում հայտարարում են, որ Իրանը ավտորիտար երկիր է և Իրանը դրվում է մի շարքում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան ու Ադրբեջանը: Ճիշտ է, ավելի ուշ այդ հայտարարության հեղինակ պատգամավորը նշեց, որ թույլ է տվել վրիպում, սակայն այդպիսի վրիպումներ չեն լինում, այն էլ ԱԺ ամբիոնից: Ցանկացած պատգամավոր հայտարարությունով հանդես գալուց առաջ պատրաստում է սեփական ելույթի տեքստն ու այդ ելույթն իմպրովիզացիա չէ, այլ պատրաստված տեքստի ընթերցում ԱԺ ամբիոնից:


ՀՀ-ն ամենաբարձր` նախագահի, վարչապետի մակարդակով դեռևս չի այցելել Իրան, չնայած Նիկոլ Փաշինյանն արդեն այցելել է Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստան: 


Բոլթոնը Երևանում խոսել է Իրանի հետ հարաբերություններից ու ԱՄՆ-ի ավելի կոշտ դիրքորոշումից Իրանի նկատմամբ: Քանի որ Բոլթոնի այցը տարածաշրջանային էր, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի սահմանների երկայնքով ձևավորել հակաիրանական կոալիցիա կամ սանիտարական կորդոն, բայց ՀՀ-ն ոչ մի կերպ չպետք է մաս կազմի ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության, քանի որ դա վտանգելու է մեր երկրի պետականությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ Իրանում հայ համայնքը դառնալու է թիրախ ու պատանդ:


Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հարցին, ապա Բոլթոնն ուշագրավ հայտարարություն էր արել Երևանում` մինչև ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները.


«Եթե ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար»,- ասել էր նա:


Փաստորեն, ԱՄՆ-ի համար ցանկալի արդյունք է գրանցվել ընտրություններում` Փաշինյանն ու իր թիմը մեծամասնություն են ստացել խորհրդարանական ընտրություններում և  այժմ վարչապետն ունի մեծ մանդատ ղարաբաղյան կարգավորման համար: Դրան հաջորդում են ղարաբաղյան հարցով բանակցությունների ապասառեցումն ու ԱԳՆ մակարդակներով հանդիպումները:


Չնայած նշվում է, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ղարաբաղյան հարց չի քննարկվել, սակայն այդպիսի զրույցների ընթացքում անհնար է շրջանցել ղարաբաղյան բանակցային գործընթացը, մանավանդ, որ դրան նախորդել էր Ալիև-Փաշինյան հանդիպումը:


ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ աշխատանքները` փակ և բաց խողովակներով ղարաբաղյան հարցի արագ կարգավորման համար: Ամերիկյան շահերը տարածաշրջանում` Իրան, ղարաբաղյան կարգավորում, ՀՀ-ին ՌԴ-ից պոկելու առումով չեն բխում հայկական շահերից:


Հայաստանի գործող իշխանությունները պետք է խոհեմություն դրսևորեն և չդառնան ամերիկյան ռազմավարությունների ու հակաիրանական պլանների մի մասը, քանի որ դա կարող է արժենալ Արցախ, ՀՀ-ի պետականություն ու ՌԴ-ի հետ վատթարացած հարաբերություններ: