Մետրոյի կայարաններ, ճոպանուղի․ Երևանի գլխավոր ճարտարապետը խոսեց ռազմավարական ծրագրերից
Երեւանն ունի երկու ռազմավարական ծրագիր՝ մետրոպոլիտենի նոր կայարանների և ճոպանուղու կառուցումը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա նշել է, որ խոսքն Աջափնյակի մետրոյի 2 կայարանների մասին է՝ ընդունելով, որ ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այս կառույցների հետ.
«Մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ կապենք քաղաքը Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա արդեն կլինի մի փոքր հետո: 2-րդ կարևոր ծրագիրը ճոպանուղին է, որը պետք է Նորքը կապի քաղաքի կենտրոնին: Ճոպանուղին շատ ավելի արագ կստացվի իրագործել, որովհետև գումարային առումով այն շատ ավելի համեստ է մետրոյի համեմատ», - ասել է Մեսչյանը:
Նա ընդունել է, որ խնդիրները շատ-շատ են: «Ամենակարևորը՝ ինչքանով են դրանք ռեալ, կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն և կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարևորագույն խնդիրները տանել առաջ»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Արթուր Մեսչյանը նաև հայտնեց, որ բավականին լուրջ ծրագիր կա քաղաքային շինարարության հետ կապված և հատկապես վթարային շենքերում բնակիչներին տեղափոխելու հարցերում:
«Գտել ենք մի քանի հետաքրքիր տարբերակ: Աշխատում ենք կառուցապատողների հետ, կարծում եմ՝ հետագայում կկարողանանք Աջափնյակում, որտեղ ամենավտանգավոր գրունտներն են, սկսենք կարևորագույն խնդիրների լուծումը գտնել այնուամենայնիվ: Խոսքը տարիների մասին չէ, այլ մի քանի ամսի»,- ասաց նա: