23.11.2024
Հեղափոխության օրերին մեդիայի բլոկադան մենք ճեղքեցինք սոցցանցերի միջոցով․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է ՀՕ փոփոխությունների փաթեթը․ միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է հարկերից

Հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Այն հրապարաակված է Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում։


Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։ Նախագիծը որոշ ժամանակ կմնա e-draft.am-ում, որից հետո կգնա կառավարություն, և դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանին։ Կառավարությունն առաջարկում է ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը։


«Ինչպես նաև, եթե ունեք առաջարկներ՝ կարող եք առանձին նամակով ուղարկել մեզ առանձին հաղորդագրությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։


Հրապարակված փաթեթով սահմանվում է միկրոձեռնարկատիրություն հասկացությունը: Նախագծերի փաթեթի համաձայն՝ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտ­րա­յին կազ­­մա­կերպությունը և ֆիզիկական անձը, որի նախորդ հարկային տարվա ընթաց­­­քում գոր­ծու­նեու­թյան բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերա­­­զան­ցել 24 միլիոն դրամը:


Միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ, որը համարվում է եկամտային հարկի գծով վերջնա­կան հար­կա­յին պարտավորություն:


Նախագծերի փաթեթով սահնմանվել է նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Դրանք են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերու­թյուն­ները, ներ­դրու­մային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մաս­նա­կից­­ները, գրա­վատ­ները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրո­կե­րա­­յին առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոն­դերը, ֆոն­դերի կառա­վարիչ­ները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտար­ները, խաղատ­ների, շահումով խաղերի կամ վիճա­կախաղերի կազմակերպման գործու­նեություն իրականացնողները, խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժե­­­նե­­րա­կան, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառա­յու­­թյուն­ներ, տեղե­կատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդ­­հան­րացման) և փոխանց­ման (հաղորդման), գիտահետազոտական, փորձա­րա­րական-կոնստ­­րուկտորական և փոր­ձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխա­տանք­­ներ, ինչպես նաև սույն ենթա­կետում նշված ծառայություններին համանման այլ ծառա­­յություններ մատուցողները:


Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վար­չա­­կան սահ­մաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոն­նե­րում և տոնա­վա­ճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազ­­­մա­կեր­պու­թյուն­ներն ու անհատ ձեռնարկատերերը: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահա­գործ­ման կանոն­ների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տար­վան հաջոր­դող հարկային տարվա ավարտը:


Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև գործունեության տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրու­թյան սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Դրանք են.


կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում


հագուստի արտադրություն և նորոգում


գլխարկների արտադրություն և նորոգում


գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում


փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում


ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում


համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում


հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում


տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն


այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն


թիթեղագործական գործունեություն


Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում


Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ


Լեզուների ուսուցման դասընթացներ


Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ


Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն


Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն


Ստեղծագործական գործունեություն


Խնջույքավարների գործունեություն


Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում


Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար


Դարբնոցային գործունեություն


Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում: