24.11.2024
Հովիկ Աբրահամյանը քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը հայտարարել է` միայն հրաշքը կարող է մեզ փրկել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ վերնախավի հետ եւ քննարկել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական իրադարձությունները: «Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն անդառնալիորեն կորցնում է պետական ինստիտուտները, եւ ստեղծված իրավիճակում միայն հրաշքը կարող է մեզ փրկել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մայրը` տիկին Նորան, ոչ մի կերպ չի ցանկանում դուրս գալ Ստեփանակերտից` թողնել իր «տուն-տեղը», ապրել Երեւանում: Հետախուզման մեջ գտնվող թոռան` Նարեկի (Սաշիկ Սարգսյանի որդու) հայտնաբերվելուց հետո զանգել է որդիներին, ասել․ «Մտածեք ոչ. ծյուրման տղու համար ա, չիմանաք` մեռնիլու չեմ, պտի տենամ` էս ամենի վերջը հինչ ա իլնում»: Նա գարնանը, իշխանափոխության բուն օրերին, առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, եւ հրաժարական տված Սերժ Սարգսյանը հաճախ էր նրա մոտ լինում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»: Ավելի ուշ թերթը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մինչ օրս դեռ կալանավորված չէ. հասցրեց թաքնվել քննությունից: Ու պարզվում է, որ երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը հարուցված է եղել դեռեւս 2015 թվականին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնությամբ: Պարզապես կասեցվել էր այն: Ինչպես հայտնում են թերթի աղբյուրները, Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել. Սեւանա լճից թուլատրվածից 2-3 անգամ ավել ջուր բաց թողնելու հատկանիշներով, սակայն հիմա միայն կաշառքի մասով է գործը քննվում: Հուսանք՝ նաեւ Սեւանի մասով քննություն կտարվի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան: Ըստ մեզ հասած տեղեկությունների` արդեն երեք օր է՝ նախաքննական մարմինը սպասում է դատախազության պատասխանին, սակայն դատախազությունում անսովոր կերպով լռում են: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին խիստ ակտուալ է պարգեւավճարների թեման։ Մենք համացանցում գտանք Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2016-ի պարգեւատրումների ցուցակը, ինչից հետեւում է, որ դրանք ժամանակին բաց տեղեկատվություն են եղել, եւ յուրաքանչյուր ոք կարող էր ծանոթանալ այդ ցանկին։ Իսկ այսօր ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ դրանք «անհատական տվյալներ» են եւ չեն կարող հրապարակվել։ Երկրորդ․ անցյալում էլ քաղաքապետարանի աշխատակազմը, փաստորեն, զրկված չի եղել «պրեմիաներից», եւ մեծ պարգեւավճարներ են ստացել ինչպես քաղաքապետը, այնպես էլ իր տեղակալները։ Չնայած ՊԵԿ-ում բաշխված «պրեմիաներին» չեն հասնի՝ երեկ տեղեկացանք, որ այստեղ աստղաբաշխական թվեր են ստացել․ 8 մլն՝ ՊԵԿ նախագահը, 9 մլն՝ տեղակալը եւ այլն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում եւ այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։ Ինքն էլ թեեւ չի պատկերացնում ոլորտը, բայց եկած օրվանից կառավարում է «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը եւ անգամ «նորամուծություններ» է իրականացնում։ Օրինակ, կարծում է, որ բոլորը պետք է մի ընդհանուր կաբինետում աշխատեն։ Եվ դա հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ասում են, որ նա այս պաշտոնին է նշանակվել Արարատ Միրզոյանի կնոջ միջնորդությամբ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական: Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» եւս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության եւ առողջապահության, ինչպես նաեւ երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ: Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների եւ առաջարկում համագործակցել իրենց հետ: Թե ով է լինելու շարժման ղեկավարը, այս պահին հայտնի չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այցն ավելի է բորբոքել ավտոներկրողներին, ովքեր չեն կարողանում իրենց մեքենաները ներմուծել Հայաստան եւ արդեն տեւական ժամանակ է՝ գտնվում են հայ-վրացական սահմանի, այսպես կոչված, չեզոք գոտում: Ավտոներկրողները պատրաստվում են այսօր բողոքի ցույց կազմակերպել եւ պահանջել, որ կառավարությունը հաշվի նստի իրենց իրավունքների հետ: Հիշեցնենք, որ երեկ Բագրատաշենի մաքսակետ այցելած Արթուր Վանեցյանը, ըստ էության, վերջնաժամկետ է տվել ավտոներկրողներին եւ պահանջել, որ նրանք մեկշաբաթյա ժամկետում մեքենաները հանեն այդ տարածքից: Այս պահանջը այնքան էլ օրինական չէ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի իշխանությունները աջ կառավարման ղեկային համակարգ ունեցող մեքենաների սեփականատերերին պարտադրում են վեցամսյա ժամկետում վերասարքավորել մեքենաները, մինչդեռ մեքենաների սեփականատերերը այդ պահանջը համարում են հակաիրավական»:


«Փաստ» թերթը գրում է. ««Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը: Ինքնին գրառման հանգամանքը պետք է որ որոշակիորեն թոթափեր արցախյան հարցի շուրջ վերջին շրջանում նկատվող խորհրդավորությունը, սակայն այդ խորհրդավորությունը գնալով ավելի է խորանում: Նախ՝ ինքնին գրառումը, բացի փաստի արձանագրումից, ուրիշ ասելիք չունի: Երկրորդ՝ ստացվում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցնում է առանց Մինսկի խմբի համանախագահության ներկայության, ինչպես որ հայտնի վերելակային հանդիպումն էր: Այսինքն՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացում կա որոշակի շեղում ընդունված ձևաչափից: Ու նույնիսկ երեկվա լայվը առանձնապես բան չավելացրեց, բացի հերթական «եկեք պայմանավորվենք, որ դավադրություն չկա ու չի կարող լինել» կամ «այդպես ստացվեց» հայտարարություններից…


Ակներև է նաև այն հանգամանքը, որ Դավոսյան այցից հետո, որի վերջին շտրիխը Ալիևի հետ հանդիպումն է, Փաշինյանը՝ հավատարիմ իր նախորդների օրինակին, պաշտոնական այցով հերթական, արդեն դժվար է ասել՝ որերորդ անգամ մեկնում է Մոսկվա: Մոսկվա այցը կարելի է մեկնաբանել մի կողմից Դավոսյան այցի կոնտեքստում, երբ փաստացի արևմտյան աշխարհի տնտեսական առաջատարների հետ հայտարարվող ինտենսիվ շփումներից հետո Փաշինյանը չի մոռանում նաև մեկնել Մոսկվա, մյուս կողմից էլ դժվար է չնկատել նաև Ալիևի հետ հանդիպման ու Մոսկվա այցի հետ կապը: Մանավանդ, եթե հիշենք, որ վերելակային հանդիպումն ու Ալիևի հետ ծանոթությունն ընդհանրապես նախաձեռնել էր Պուտինը: Այս կոնտեքստում հետաքրքրական է նաև Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունների շարքում տեղ գտած, բայց այդպես էլ անտեսված մեկ այլ հայտարարություն առ այն, որ կողմերը պետք է դեմ առ դեմ, առանց միջնորդների հանդիպեն ու խոսեն միմյանց հետ: Ամեն դեպքում, բացի այս դեմ առ դեմ ֆորմատից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը պաշտոնապես շարունակում է մնալ միակը: Սակայն այս իմաստով էլ խորհրդավորությունը պակաս չէ:


Թրամփի շնորհավորական ուղերձը՝ մի կողմից, Լավրովի հայտարարությունը՝ մեկ այլ կողմից, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին կոչերը՝ մեկ այլ կողմից ոչ թե նվազեցնում, այլ խորացնում են եղած անհասկանալիությունը: Այդ անհասկանալիությունը խորանում է նաև մեր իշխանությունների լռության պայմաններում, հատկապես, երբ վերհիշում ենք, թե ինչպես էր արցախյան հարցի կարգավորման ցանկացած լուծում Փաշինյանը վերահասցեավորում հրապարակին ու ժողովրդին: Իհարկե, կարիք չկա նման բարդ հարցերը բերել ու դարձնել ամբոխահաճության առարկա, և այս իմաստով ողջունելի է բանակցային պրոցեսի պրոֆեսիոնալ մակարդակին անցումը: Բայց մյուս կողմից էլ ստացվում է ամբոխավարական ծայրահեղությանը գալիս է փոխարինելու մեկ այլ ծայրահեղություն՝ թափանցիկության տոտալ բացակայություն: Արցախյան հարցի շուրջ հնչող պարբերական հայտարարությունները խորացնում են կասկածները, որ տեղի է ունենում ինչ–որ բան, զուգահեռ էլ իշխանությունը չի շտապում լցնել այդ տեղեկատվական վակուումը: Արդյունքում այդ վակուումը լցվում է Հայաստանից հնչող դավադրապաշտական տեսություններով, որոնք շատ մոդայիկ էին նախընտրական շրջանում և վստահաբար մոդայիկ կդառնան պատեհ առիթի դեպքում: Մի կողմ թողնելով բանակցային պրոցեսի բուն ընթացքը՝ հարկ է արձանագրել, որ իշխանությունները կարիք ունեն օր առաջ հստակ խոսել ու պարզաբանել, թե ինչ է ի վերջո տեղի ունենում: Սա պետք է արվի ոչ միայն ի հավատարմություն նախկինում հռչակ ված հրապարակայնության սկզբունքների, այլև որպեսզի թոթափվի խնդրի շուրջ առկա խորհրդավորությունը: Հայաստանյան հասարակությունը 2016-ի ապրիլին ցույց է տվել, որ պատրաստ է կրել գործընթացի հետևանքները թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական իմաստով, հետևաբար նրանից թաքցնելու կարիք չկա, մանավանդ, որ գոնե հիմա իշխանությունը լեգիտիմ է, ու իշխանություն-հասարակություն երկխոսությունը ունի կայացման պոտենցիալ: Այլապես այս տեղեկատվական անհասկացվածությունը գնալով խորանալու է ու հնարավոր զարգացումների ժամանակ վնասելու թե՛ խոսելուց խուսափող իշխանությանը, թե՛ հասարակությանը և, որ ամենակարևորն է, պետությանը»: