Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տեւում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին է: «168 ժամ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Դավոսում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Աչք էր զարնում, որ Ալիեւը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիեւը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, եւ ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ: Ներկայումս նրանք խոսում են վստահության միջոցների մասին:
Ցանկացած լուրջ, կիրթ կոնֆլիկտաբան կարող է ձեզ համար հստակեցնել, նույնիսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը կարող է ասել, որ կոնֆլիկտների հանգուցալուծման պրոցեսում կողմերը սկսում են վստահության մեխանիզմների մշակման, խաղաղության մասին խոսել միայն այն ժամանակ, երբ որոշակի փուլեր են անցած լինում, այսինքն` սա տեղի է ունենում բանակցային երրորդ կամ չորրորդ փուլում, երբ նախորդ փուլերը հաղթահարված են:
Ներկայումս նրանք հնչեցնում են երրորդ-չորրորդ փուլերը, իսկ առաջին փուլերը չեն մանրամասնում: Հայաստանյան քաղաքագետներն ու փորձագետները ռոմանտիկներ են, եթե կարծում են, որ առանց Ղարաբաղի ոչինչ չի կարող որոշվել: Որոշվում է, ինչպես տեսնում ենք»,- նկատել է նա:
Քաղաքագետը նաեւ հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիեւը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա՝ կհետեւի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին եւ կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, եւ «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»:
«Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը, նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել՝ հստակ չէ, հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիեւը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով եւ կխոսեր վերջնագրերի լեզվով»: