25.11.2024
Իրան-Հայաստան երկաթգիծը կարող է փոխել ստատուս-քվոն Հարավային Կովկասում
prev Նախորդ նորություն

Էրդողանը Թուրքիան տանում է դեպի նախագահական հանրապետություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Անկարայում, հայտարարել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները շանս են փոխելու Թուրքիայի կառավարման ձևը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևոր շրջան է վերապրում և իրենց անհրաժեշտ է կառավարման նախագահական մոդելը, իսկ հունիսի խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան դա իրականացնել:

Թուրքիայի քաղաքական էլիտայի մի մասը աջակցում է Էրդողանի այդ նախաձեռնությանը: Օրերս Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը նույնպես խոսել է Թուրքիայի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին: <<Թուրքիային անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը կհամապատասխանի երկրի պահանջներին: Այդ հարցը առաջնահերթ կլինի խորհրդարանական ընտրություններից հետո, եթե հաղթանակ տանի Արդարություն և զարգացում կուսակցությունը>>,- հայտարարել է Բաբաջանը:

Մինչ այդ, սահմանադրության փոփոխության օգտին է արտահայտվել Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Բեքիր Բոզդագը: Ինչ վերաբերվում է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ապա նա հայտարարել է. <<Նոր սահմանադրությունը անհրաժեշտ է Թուրքիայի ժողովրդավարացման համար>>:

Էրդողանը անդրադառնալով այդ նախաձեռնությունը քննադատողներին նշել է, որ նոր սահմանադրությունը իրեն չի օժտելու անսահմանափակ լիազորություններով և օրինակ է բերել ԱՄՆ-ին, Մեքսիկային և Բրազիլիային: <<Ւնձ ասում են, որ նոր սահմանադրությունը բռնապետություն կհաստատի: Սակայն, ի՞նչ է, ԱՄՆ-ում, Բրազիլիայում կամ Մեքսիկայում բռնապետություն է>>,-հավելել է Թուրքիայի նախագահը:

Նոր սահմանադրության ընդունման համար Էրդողանը պետք է ստանա խորհրդարանի 2/3-րդի աջակցությունը: Նրան անհրաժեշտ կլինի 550 պատգամավորներից 367-ի կողմ ձայնը: Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը խորհրդարանում ունի 312 մանդատ:Թուրքական ընդդիմությունը դեմ է սահմանադրության փոփոխությանը, քանի որ այն կարող է վերջ դնել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած Թուրքական Հանրապետությանը: Ընդդիմադիրները նշում են, որ Էրդողանը իրեն համարում է «Օսմանյան սուլթանների հետնորդ»:

Մոսկվայի պետական համալսարանի համեմատական քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վիկտոր Սերգևի կարծիքով, այսօր Էրդողան-Դավութօղլու տանդեմում վերջինս ավելի շատ խամաճիկի դեր է խաղում, քանի որ նախագահական ընտրություններից հետո Էրդողանը իրական աջակցություն է վայելում հասարակության կողմից: Սերգևի խոսքով, Էրդողանը ամեն ինչ կանի շատ արագ խորհրդարանական մոդելը նախագահականի վերածելու համար:

ՌԴ-ի ԳԱԱ աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկու կարծիքով, սեփական ձեռքերում նախագահական լիազորությունները կենտրոնացնելու մեջ Էրդողանը տեսնում է կենտրոնական իշխանությունը ամրապնդելու ձև և դրանով պայքարելու է խորհրդարանական Թուրքիայում առկա տարաձայնությունների հետ:

Իր հերթին, թուրք քաղաքագետ, Kafkassam ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հասան Օքթայը նշում է, որ հավանաբար շատերը ցանկանում են Թուրքիայի նոր սահմանադրությունում պետական լեզվի՝ թուրքերենի կողքին ևս մեկ լեզու տեսնել: Նա նշել է, որ նոր սահմանադրությունը հնարավոր է շանս տա Թուրքիային դառնալ դաշնային պետություն, ինչի մասին այդքան երազում են քրդաբնակ հարավ-արևելքի քաղաքական գործիչները:

Ստամբուլից պատգամավոր Սեզգին Թանրըկուլուն նշել է, որ այսօրվա սահմանադրությունը ընդունվել է 33 տարի առաջ այն մարդկանց կողմից, որոնք իշխանության են եկել ոչ ժողովրդավարական ճանապարհով: <<Գործող սահմանադրությունը ընդունվել է 1982թ-ին՝ռազմական հեղաշրջումից հետո և բազմաթիվ անգամ փոփոխությունների է ենթարկվել: Սակայն այս սահմանադրությունը շարունակում է մնալ ոչ ժողովրդավարական և սխալ, քանի որ ընդունվել է գեներալների կողմից>>, - Vestikavkaza-ի հետ զրույցում նշել է Թանրըկուլուն: