25.11.2024
Թուրքիա-Իրան. կոշտ ռազմաքաղաքական մրցակցության և տնտեսական գործընկերության միջև
prev Նախորդ նորություն

Իրան-Հայաստան երկաթգիծը կարող է փոխել ստատուս-քվոն Հարավային Կովկասում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Հարավային երկաթգծի(Իրան-Հայաստան) շինարարության արժեքը վերջերս կատարված հաշվարկներով գնահատվում է 3.2 միլիարդ դոլարի սահմաններում: Նախատեսվում է, որ երկաթուղով տարեկան կտեղափոխվի 17 միլիոն տոննա բեռ: Այդ մասին հայտնում է Деловой Экспресс-ը:

Հայ-իրանական հարաբերությունները ՀՀ-ի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել են: 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 340 միլիոն դոլարի և կողմերը ցանկանում են այն հասցնել 1 միլիարդ դոլարի:

Երկրների միջև իրականացվել են մի շարք նախագծեր՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցում, իրականացման փուլում են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը: Երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում նաև Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի: Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցին, նշել է, որ իրենք անմիջապես պատրաստ են սկսել իրենց տարածքում երկաթգծի շինարարությունը և երկաթգիծը հասցնել մինչև Մեղրի, երբ շինարարական աշխատանքները մեկնարկեն Հայաստանի տարածքում:

Հայաստանի համար Իրանն այն հարավային դարպասն է, կյանքի ճանապարհը, որի ակտուալությունը հատկապես մեծ էր ղարաբաղյան պատերազմի օրերին: Իրանի բազմամիլիոնանոց շուկայում հայկական արտադրանքը կարող է իր ուրույն տեղը գտնել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արևմուտք-Իրան հարաբերություններում վերջերս որոշակի ջերմացում է նկատվում և Իրանից մի շարք պատժամիջոցներ են հանվում:

Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Կասպից ծով, ինչը կարևոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով: Վերջերս բացվել է նաև Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթգիծը, ինչը հայկական արտադրողներին հնարավորություն կտա դուրս գալ նաև կենտրոնական ասիական շուկա:

Իրանի համար Հայաստանը, կարծում են մասնագետները, կարող է դառնալ այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական սևծովյան Փոթի և Բաթում նավահանգիստներ: Իսկ աբխազական երկաթգծի վերաբացման դեպքում Իրանը երկաթգծային կապ կունենա նաև ՌԴ-ի հետ: Հայաստանը, մասնագետների կարծիքով, երկաթծի շնորհիվ կարող է վերածվել Հարավային Կովկասում տարանցիկ կարևոր միջանցք: Այս պահին շինարարության ակտիվ փուլում է գտնվում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, ինչը Մեղրին միջազգային նորմերին համապատասխանող մայրուղով կկապի Վրաստանի հետ: