Թուրքիա-Իրան. կոշտ ռազմաքաղաքական մրցակցության և տնտեսական գործընկերության միջև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլին Իրան կատարելիք այցի ընթացքում քննարկվելու են տնտեսական և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տրանսպորտին, մաքսային ոլորտին և զբոսաշրջությանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Քննարկման ընթացքում շոշափվելու են նաև սիրիական ճգնաժամը և Իսլամական պետության հարցերը:2014թ.-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում: Անկարայում Իրանի նախագահը հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն երկկողմ ապրանքաշրջանառությունը այսօրվա 15 միլիարդ դոլարից հասցնել տարեկան 30 միլիարդ դոլարի: Թուրքական ղեկավարության հետ հանդիպման արդյունքներով Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան նպատակ ունեն երկաթգիծ կառուցել, որը կմիավորի իրանական Բազարգան նահանգը Թուրքիայի հետ և կստեղծի յուրահատուկ միջանք: Այդ միջանցքը թույլ կտա միմյանց կապել Պարսից ծոցը և Օմանյան ծովը՝ Սև և Միջերկրական ծովերի հետ:
Խոսքը գնում է Կարս-Իգդիր-Բազարգան-Ջուլֆա երկաթգծի շինարարության մասին, ինչի շուրջ երկրների միջև հուշագիրը ստորագրվել է դեռևս 2012թ.-ին: Թուրք-իրանական համագործակցության կարևորագույն ոլորտը էներգետիկ համագործակցությունն է: Իրանը այս պահին ապահովում է Թուրքիայի նավթային պահանջարկի 30%-ը՝ տարեկան Իրանից Թուրքիա է արտահանվում 8 միլիոն տոննա նավթ, ինչպես նաև իրանական գազը ապահովում է թուրքական ներքին պահանջարկի ¼-րդը՝ տարեկան 10 միլիարդ խմ գազ:
Չնայած տնտեսական բլոկում առկա մեծ պոտենցիալին թուրք-իրանական քաղաքական և աշխարհաքաղաքական հակասությունները բավականին սուր են՝ տարածաշրջանային մրցակցության տեսանկյունից: Թուրքիան սիրիական հարցում աջակցում է հակաասադական, սունի ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին, որոնց նպատակն է տապալել Ասադի իրանամետ, ալևիական ռեժիմը: Իրանը ֆինանսական, ռազմաքաղաքական, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքում իր ռազմավարական դաշնակցին՝ Սիրիային, այդ թվում լիբանանյան Հզբոլահ շարժման մարտիկների օգնությամբ, ովքեր Սիրիայում պաշտպանում են Ասադի ռեժիմը:
Պետք է նշել, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ դաշնակցային հարաբերությունների մեջ էր Իրանի թիվ մեկ հակառակորդ՝ Իսրայելի հետ, ինչպես նաև հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ թուրքական տարածքում(Մալաթիա) տեղակայված է Հյուսիսատլանտյան դաշինքի ռադարը (X-դիապազոն AN/TPY-2), որը թույլ է տալիս ֆիքսել Իրանի տարածքում հրթիռների բոլոր արձակումները: Բացի այդ, Թուրքիայի տարածքում է տեղակայված ամերիկյան Ինջեռլիք ռազմակայանը:
Դրան զուգահեռ, Հարավային Կովկասում թուրք-իրանական մրցակցությունը նույնպես բավականին ցայտուն է՝ Անկարան ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ՝այդ երկիրը դիտարկելով որպես հակակշիռ իրանական տարածաշրջանային նկրտումներին: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կոալիցիան նպատակ ունի սահմանափակել Իրանի և Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը Հարավային Կովկասում: Թուրք-ադրբեջանական տանդեմն էլ իր հերթին մեկուսացնում է Հայաստանը Հարավային Կովկասում՝ շրջափակման մեջ է պահում Հայաստանը և Արցախը ու նպաստում տարածաշրջանային լարվածությանը:
Ելնելով վերոնշյալից, Իրանը զարգացնում է ռազմավարական կապերը Հայաստանի հետ՝ իրականացնելով էներգետիկ, տրանսպորտային և այլ ծրագրեր, ցանկանալով ուժեղացնել հայկական գործոնը՝ ի հակակշիռ տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացմանը՝ նկատի ունենալով նաև Ադրբեջանի անհիմն պահանջները Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը վերջերս հայտարարել է, որ Հարավային երկաթգծի(Իրան-Հայաստան) շինարարության արժեքը վերջերս կատարված հաշվարկներով գնահատվում է 3.2 միլիարդ դոլարի սահմաններում: Նախատեսվում է, որ երկաթուղով տարեկան կտեղափոխվի 17 միլիոն տոննա բեռ: Հայ-իրանական հարաբերությունները ՀՀ-ի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել են: 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 340 միլիոն դոլարի և կողմերը ցանկանում են այն հասցնել 1 միլիարդ դոլարի:
Այսպիսով, չնայած տնտեսական համագործակցության բավական հեռանկարային հիմքերի՝ Իրանը և Թուրքիային մնում են որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական հակառակորդներ: Թեհրանը շարունակում է դիրատկել Անկարան որպես ՆԱՏՕ-ի հենակետ իրանական սահմանների երկայնքով: Ըստ այդմ՝ Թուրքիայի դիրքերի ուժեղացումը Հարավային Կովկասում կամ Մերձավոր Արևելքում Իրանում ընկալվում է որպես ռազմավարական վտանգ: