Ապրիլի 24-ը թուրք-ամերիկայն հարաբերությունների լավագույն ստուգատեսը կլինի
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է սեղմել Թուրքիայի՝ իրեն մեկնած «բարեկամության ձեռքը»։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը։ «Բարեկամություն հաստատելու նպատակով հայերին ձեռք մեկնեցինք, սակայն նրանք տգեղ ձևով երես թեքեցին։ Հարավային Կովկասում առկա բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է։ Այս երկիրը բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի»,- ասել է թուրք դիվանագետը։
Չավուշօղլուի արտահայտած մտքերը, մասնագետների կարծիքով, նպատակ ունեն կրկին անգամ խեղաթյուրել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և հաշտեցման ողջ գործընթացի տրամաբանությունը: Ցյուրիխում 2009թ.-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան հրաժարվեց վավերացնել՝ Ադրբեջանի <<ճնշման>> տակ: Թուրքիան իր ստանձնած պարտավորություններից խուսափելու համար որպես պատրվակ բերեց Ադրբեջանի դժգոհությունը և ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը:
Հայաստանը բազմաթիվ անգամ երկրի ղեկավարի և իշխանության ներկայացուցիչների շուրթերով հայտարարել է, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ը սկսած 1990-ական թթ.-ին սկզբից ենթարկվում է թուրքական շրջափակման, Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և ղարաբաղյան հակամարտությունում հանդես է գալիս միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ:
Թուրքիան զինում է Ադրբեջանին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հարցով Ադրբեջանի հետ միջազգային բոլոր հարթակներում հանդես է գալիս միասնական ճակատով: Բացի այդ, պաշտոնական Երևանը բազմաթիվ անգամ թե նախագահի, թե ԱԳ նախարարի մակարդակով հայտարարել է, որ հայ-թուրքական գործընթացը ոչ մի կապ չունի ղարաբաղյան գործընթացի հետ և դրանք չպետք է միմյանց կապել և մեկը պայմանավորել մյուսով:
Չավուշօղլուն իր ելույթում նշել է նաև, որ Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունների նման հայկական համայնքին վերադարձված եկեղեցիները իրենք նույնպես վերանորոգում են։ Թուրք նախարարի այդ արտահայտությունը, թուրքագետները որակում են որպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձ Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո Թուրքիայի տարածքում իրականացված մշակութային ցեղասպանությունից: Ինչպես հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը, 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:
Սկսած 1920-ական թթ. Թուրքիայում սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու գործընթաց: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն: «Հայաստանի քայլերի դեմ Թուրքիան պայքարում է քաղաքական, մշակութային և դիվանագիտական ուղիներով, իսկ ինչ վերաբերում է Չանաքքալեի միջոցառումներին, ապա ապրիլի 24-ին խաղաղության ուղերձ ենք հղելու ամբողջ աշխարհին», – ընդգծել է Չավուշօղլուն։
Թուրքիան բավականին ջղագրգիռ է դարձել ապրիլի 24-ից առաջ, քանի որ աշխարհը կրկին խոսելու է Հայոց ցեղասպանության մասին, իսկ մի շարք կառույցներ, կազմակերպություններ, տարածաշրջանային խորհրդարաններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Վերջերս ԵԺԿ ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը՝ Թուրքիային կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերադարձնել հայկական եկեղեցիները և նպաստել հայ-թուրքական հաշտեցմանը:
Նախորդ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները: Հայոց Եղեռնը կրկին հայտնվում է միջազգային հեղինակավոր պարբերականների լուսաբանման կենտրոնում, իսկ Անկարան դրան արձագանքելու և ուշադրությունը շեղելու համար նախաձեռնել է Չանաքքալեի միջոցառումները՝ ցինիկ ձևով հրավիրելով ՀՀ նախագահին մասնակցել այդ միջոցառումներին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր պատասխանում բավականին կոշտ ձևով մերժել է այդ հրավերը:
Չավուշօղլուն հորդորել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ զգույշ լինել իր հայտարարություններում՝ կապված ապրիլի 24-ին սպասվելիք ելույթի հետ, քանի որ դա կարող է լուրջ հարված հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Փաստորեն Թուրքիայի ԱԳ նախարարը սպառնում է ԱՄՆ-ի նախագահին՝ կոչ անելով Բարաք Օբամային ապրիլի 24-ի նրա ավանդական ուղերձում զերծ մնալ իրավական «genocide» եզրույթից և օգտագործել Մեծ Եղեռն արտահայտությունը, ինչն արդեն մի քանի տարի շարունակ ԱՄՆ-ի նախագահը օգտագործում է՝ բնորոշելով Հայոց ցեղասպանությունը: Նախորդ տարվա Օբամայի ելույթում մասնավորապես նշված է.
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը և նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ծանրագույն նախճիրներից մեկի ժամանակ: Այսօր մենք վերհիշում ենք իննսունինը տարի առաջ տեղի ունեցածի սարսափը, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկևկես միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին, և սգում ենք այդ տղամարդկանց, կանանց և երեխաների կորսված կյանքերը և կրած տառապանքները»:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների համար այս տարվա ապրիլի 24-ը բավականին լավ ստուգատես կլինի: Թուրքական լոբբինգը ամեն ինչ անելու է ամերիկյան կողմի վրա ճնշումներ գործադրելու և Վաշինգտոնի աչքերում իր դերն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում կրկին վերահաստատելու համար: