Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հրապարակել է հոդված Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման մասին: "Մենք պետք է անենք ավելին`ընդունելու, որ մեր գործընկերները բազմազան են: Նրանք տարբեր են ոչ թե ուղղակի արեւելքում եւ հարավում, այլ հենց արեւելքի եւ հարավի սահմաններում", - նշում է իր հոդվածում դեսպանը:
"Եվրոպական միությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ ցանկանում է շարունակել հարաբերությունների խորացումը: Անցած տաս տարիների ընթացքում Հայաստանի հետ մեր գործընկերությունն իրականացվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, որը Եվրոպական միության սահմանների երկրների հետ մեր համագործակցության հիմքն է եղել", - նշում է Հրիսթեան, հայտնում է Մեդիամաքս գործակալությունը:
Անցյալում տեղ գտած բացթողումների և հարևնաության քաղաքականության
վերանայման մասին վերջերս հայտնել էր նաև հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:
Բայցեւայնպես, Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, ըստ դեսպանի, միշտ չէ, որ կարողացել է համապատասխան արձագանքներ տալ մեր գործընկերների փոփոխվող ձգտումներին: Հետեւաբար, Եվրոպական միության սեփական շահերը նույնպես լիարժեք չեն բավարարվել:
Ելնելով վերոնշյալից, Հրիսթեայի խոսքերով, Եվրոպական միությունը մեկնարկել է ԵՀՔ վերանայման հեռահար գործընթացը: Մարտի 6–7-ը Ռիգայում կայացած արտգործնախարարների ոչ պաշտոնական ճեպազրույցի ընթացքում բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը սահմանեցին մեր բոլոր գործընկերների հետ քառամսյա խորհրդատվության մեկնարկը:
Նրա կարծիքով, քաղաքականության վերանայման գործընթացում պետք է դիտարկվեն չորս կարեւորագույն ուղղություններ, որոնք են գործընկերների հետ համագործակցության շրջանակների տարբերակման ընդլայնում, քաղաքականության հանդեպ պատկանելիության ավելացում, ԵՀՔ կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնացում և հարևանության քաղաքականության ճկունության ավելացում:
"Արեւելքի մեր որոշ գործընկերները բռնել են ասոցացման եւ խորը առեւտրի համաձայնագրերի իրականացման ուղին, եւ քանի չկան շրջանակային սահմանափակումներ, նրանք ձգտում են ավելիին: Մենք ունենք գործընկերներ հարավում, որ հավասարապես պատրաստակամ են շատ կարեւոր համաձայնագրերի շուրջ աշխատել մեզ հետ: Մենք ունենք նաեւ մի շարք գործընկերներ թե′ արեւելքում, թե′ հարավում, որ ունեն մեզ հետ համագործակցելու բազմապիսի ցանկություններ: Ի վերջո, անհրաժեշտ է որոշել նաեւ, թե ինչպես պետք է աշխատենք մեր հարեւան պետությունների հարեւանների հետ:
Այս ամենը պահանջում է սահմանել որոշակի նոր աշխատաձեւեր: Մենք պետք է անենք ավելին`ընդունելու, որ մեր գործընկերները բազմազան են: Նրանք տարբեր են ոչ թե ուղղակի արեւելքում եւ հարավում, այլ հենց արեւելքի եւ հարավի սահմաններում", - ասված է դեսպանի հոդվածում:
Քաղաքականության հանդեպ պատկանելիության ավելացման հարցում դեսպանը մատնանշում է այ հանգամանքը, որ քաղաքականությունը երբեք չի լինի առավելապես արդյունավետ, եթե չլինի երկու կողմերի ակտիվ ընտրությամբ ձեւավորվող գործընկերություն` հավասար կողմերի գործընկերություն: "Եվրոպական հարեւանության նոր քաղաքականությունը պետք է արտացոլի մեր գործընկերների տեսակետներն ու փորձը: Մենք պետք է երաշխավորենք, որ մեր ուշադրության կենտրոնում գտնվող ուղղությունները բխում են երկու կողմերի համատեղ շահերից:
Կարծում եմ, որ մեր գործընկերների շրջանում ավելի մեծ վստահություն ձեռք բերելու համար մենք պետք է արդյունքները դարձնենք ավելի տեսանելի` ցուցադրելով գործընկեր երկրների բնակիչների համար շոշափելի օգուտները: Մարդիկ ցանկանում են արդյունքները տեսնել կարճ ժամանակահատվածում, որպեսզի հասկանան, թե արդյո՞ք տվյալ քաղաքականությունը նպատակահարմար է իրենց համար", - նշում է նա:
Երրորդ կարեւորագույն խնդիրը դեսպանը համարում է կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնացումը: Նա ցանկանում է հեռանալ ներկա մոդելից, ըստ որի փորձ է արվում յուրաքանչյուր գործընկերոջ հետ իրականացնել բազմաոլորտային համագործակցություն: "Այն երկրների հետ, որոնք ցանկանում են կամ կարող են, մենք պետք է շարունակենք վարել բազմաոլորտ համագործակցություն` օգնելով նրանց իրականացնելու Եվրոպական միության չափորոշիչների հետ համապատասխանեցման գործընթացը: Այն երկրների համար, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում մեզ հետ խորը հարաբերությունների մեջ մտնել, եկեք բացահայտենք համագործակցության այլ ձեւաչափեր", - կարծում է դիվանագետը:
Ի վերջո, Հրիսթեայի խոսքերով, պետք է ավելի ճկուն լինենել, ինչը նշանակում է, որ պետք է ի վիճակի լինել արձագանքել փոփոխվող հանգամանքներին եւ ծագող ճգնաժամերին: "Սրանք միայն մի քանիսն են այն գաղափարներից, որ արտացոլված են խորհրդատվության վերաբերյալ փաստաթղթում, որն արդեն դրված է Հայաստանում ԵՄ պատվիրակության համացանցային կայքում: Մենք պատրաստակամ ենք վարել հնարավորինս լայնամասշտաբ խորհրդատվություն, որպեսզի արդյունքում մշակվի քաղաքականություն, որն իսկապես արտացոլում է մեր առաջ դրված նպատակը", - նշում է նա:
Միևնույն ժամանակ դեսպանը կոչ է անում զերծ մնալ սխալներից. "Մեր ներկա եւ ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տարածաշրջանում տիրող պայմաններից: Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական ներուժի օգտագործումը, ինչպես նաեւ նրանց հետ ավելի ամուր հարաբերությունների կառուցումը կօգնեն մեզ մեր երկրները դարձնել ավելի լավ ու ապահով ապրելավայր":