Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերիին, ով երկօրյա այցով ժամանել է Բաքու՝ ռազմա-պաշտպանական ոլորտում հուշագիր ստորագրելու նպատակով:
«Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ պատմական, կրոնական ու մշակութային ընդհանրություններ ունեն», - Բաքու ժամանելուն պես հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորականը՝ հայտնելով, որ հանդիպման ընթացքում քննարկելու է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական կապերը ընդլայնելու հնարավորությունները:
«Թուրան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է, որ Իրանի բարձրաստիճան զինվորականներին կընդունեն Ադրբեջանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը: Կողմերը կքննարկեն ռազմական և պաշտպանական ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, կստորագրվի նաև այդ մասին երկկողմ հուշագիր: