Այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից ակնկալիքները մեծ չեն և, առաջին հերթին, ադրբեջանական կողմի դիրքորոշման պատճառով:
Բաքվի դիրքորոշումը, որը բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է Իլհամ Ալիևի և ԱԳ նախարարի մակարդակով, կայանում է նրանում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Որպես բարի կամքի դրևորում, Բաքուն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ մեծ ինքնավարություն, բայց միայն Ադրբեջանի սահմանների ներքո, իսկ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան թե՛ յոթ շրջաններ, որոնք Բաքուն առաջին հերթին է պահանջում, թե՛ նաև բուն Լեռնային Ղարաբաղ:
ՀՀ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները շեշտում են, որ բանակցությունների առանցքային հարցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Սակայն Բաքվի համար բանակցային կողմ է դիտարկվում միայն ՀՀ-ն, այն հայտարարում է, որ երբեք բանակցությունների սեղանի շուրջ չի նստելու Ստեփանակերտի հետ ու չի ճանաչելու Արցախի անկախությունը` դա կարմիր գիծ է Բաքվի համար:
Արցախի անկախության միջազգային ճանաչումը քաղաքական ինքնասպանություն է Ալիևի ռեժիմի համար, դա չեն ընդունելու թե՛ իշխող կլանները, էլիտան, թե՛ հասարակությունն ու բանակը:
Իլհամ Ալիևը դրել է բարձր պնշաձող` կա՛մ ամեն ինչ, կա՛մ պատերազմ: Այսպիսի ռևանշիստական, մաքսիմալիստական դիրքորոշումը թույլ չի տալու Բաքվին գնալ անգամ փոքր զիջումների ղարաբաղյան հարցում: Միջազգային հանրությունն ու անգամ Մինսկի խումբը զիջումներ է ակնկալում միայն հայկական կողմերից` ՀՀ-ից ու Արցախից տարածքների զիջման առումով: Նախկինում բանակցություններն ընթանում էին Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք չէին բխում հայկական կողմերի շահերից:
Տարածքների զիջումը Արցախի հայաթափման ճանապարհ է բացելու ու սպառնալիք է Արցախի հայությանն ու անգամ ՀՀ-ի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, քանի որ Ալիևը հայտարարում է, որ Զանգեզուրն ու անգամ ՀՀ մայրաքաղաք Երևանը ադրբեջանական հողեր են և նրանք դրանք «վերադարձնելու» են:
Ղարաբաղյան բանակցային գործընթացը գտնվում է խորը փակուղում, որը հնարավոր է լինելու տեղից շարժել միայն նոր պատերազմով: Ռազմական գործողությունների արդյունքում Ղարաբաղում ստեղծվելու է նոր ստատուս-քվո և ելնելով այդ ստատուս-քվոյից` տարածքային, դեմոգրաֆիկ, Մինսկի խումբը փորձելու է կողմերին ստիպել գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ու հիմնական ճնշումները գործադրվելու են հայկական կողմերի վրա: