VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ընտրողների պաշտոնական թիվը 2 միլիոն 548 հազար 654 է: Այս թիվը երեկ ներառված էր ՀՀ կառավարության որոշման այն նախագծում, որով սահմանադրական հանրաքվեի կազմակերպման համար պետբյուջեից մեկուկես միլիարդ դրամ հատկացվեց: Սակայն եթե ընտրողների թիվը հաշվարկում ենք պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, մասնավորապես, առկա բնակչության թվից եթե հանում ենք անչափահասների, վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթածների եւ մահացությունների թվերը, միայն այս ճանապարհով ընտրողների թվի հավելագրումը կազմում է մոտ 600 հազար: Ի դեպ, եթե ընդունենք, որ ընտրողների վերը բերված պաշտոնական թիվն առաջիկայում էապես չի փոխվի, ապա ստացվում է, որ նոր Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար իշխանություններին անհրաժեշտ է լինելու ապահովել առնվազն 637 հազար կողմ ձայն: Նկատենք, որ ըստ հանրաքվեի մասնակցության ցուցանիշի՝ անհրաժեշտ նվազագույն այո-ների թիվը կարող է ավելանալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայէկոնոմբանկը» բանակցություններ է վարում ղազախական «BTA» բանկի հետ` վերջինիս իրեն միաձուլելու նպատակով: Մեր տեղեկություններով՝ հայկական բանկի պատվերով ղազախական բանկում ներկայումս իրավաբանական եւ տնտեսական աուդիտ է իրականացվում, որից հետո էլ գործարքի պայմանները կհստակեցվեն: Սակայն գործարքի մոտավոր չափերն առայժմ մեզ չհաջողվեց պարզել: Միայն կարող ենք արձանագրել, որ եթե այս գործարքը կայանա, ապա «Հայէկոնոմբանկը» կլինի առաջին հայկական բանկը, որը կսկսի գործունեություն ծավալել Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես հայտնի է՝ մինչ օրս օտարերկրյա բանկերն են Հայաստանում մասնաճյուղեր բացում կամ հայկական բանկերն իրենց միաձուլելով՝ իրենց ներկայությունն ապահովում Հայաստանի բանկային ոլորտում: Ի դեպ, ղազախական «BTA» բանկը պատկանում է Ղազախստանի նախարարներից մեկի որդուն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայերը գրավում են Հայաստանի տնտեսական եւ քաղաքական դաշտը: Ընդամենը կես ամիս առաջ
Սամվել Կարապետյանը գնեց Հայաստանի ամենակարեւոր տնտեսական օբյեկտներից մեկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, իսկ երեկ մեկ այլ ռուսաստանաբնակ հայ՝
Արա Աբրահամյանը, հայտարարեց, որ մտադիր է առաջիկայում սեփական կուսակցություն ստեղծել: Այս երկու իրադարձությունները փոխկապակցված ե, եւ կապ ունեն Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող քաղաքականության փոփոխության հետ: Արդեն գրել ենք, որ Ռուսաստանը որոշել է այլեւս հույս չդնել Հայաստանի ռուսամետ գործիչների վրա եւ մտադիր է օգտագործել ազգությամբ հայ իր քաղաքացիներին: Արա Աբրահամյանը չի կարող լուրջ եւ ազդեցիկ կուսակցություն ստեղծել առանց Կարապետյանների աջակցության: Ձեռք բերելով ՀԷՑ-ը՝ Կարապետյանները դառնում են հայ օլիգարխիայի ամենազդեցիկ ներկայացուցիչը, որովհետեւ Հայաստանում որեւէ այլ օլիգարխ չի տիրապետում նման հզոր եւ ազդեցիկ ձեռնարկության, ինչպիսին ՀԷՑ-ն է:
Կարապետյանները միշտ էլ հովանավորել են Աբրահամյանին, եւ եթե Աբրահամյանը Հայաստանում իրականացնում է ռուսական իշխանությունների առաջադրանքը չեն կարող չօժանդակել նրան:
Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո Հայաստանի քաղաքական կյանքում նկատվում է ֆինանսական ռեսուրսի խիստ պակաս, եւ Աբրահամյանի քաղաքական դաշտ մտնելու դեպքում լրացվում է այս բացը: Եթե Աբրահամյանը սկսի փող ծախսել, ապա միանգամից կարող է կլանել ամբողջ քաղաքական դաշտը, որը տառապում է ֆինանսական ռեսուրսի խրոնիկ բացակայությունից: Արա Աբրահամյանը կարող է լինել այն մարդը, ով իր շուրջ կհամախմբի ընտրազանգված ամենաընչազուրկ եւ աղքատ խավերից, ովքեր հույս կփայփայեն, որ մեծահարուստ Աբրահամյանը ընտրությունների ժամանակ իրենց ընտրակաշառք կբաժանի կամ կզբաղվի քաղաքական բարեգործությամբ՝ ինչպես ժամանակին անում էր Գագիկ Ծառուկյանը: Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան զույգին կարող է միանալ նաեւ ռուսահայ եւս մեկ գործարար՝ Ռուբեն Վարդանյանը, ով կարող է կողմնորոշել էլիտար լիբերալ զանգվածին: Ռուսահայ այս երեք գործարարների դաշինքը եւ համագործացությունը կարող է հանգեցնել Հայաստանի քաղաքական դաշտի մյուս ուժերի ոչնչացմանը: Կմնան արեւմտյան հայացքներ ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները, սակայն այս եռյակի ճնշումը քաղաքական դաշտի վրա կարող է այնքան տոտալ լինել, որ սրանք էլ կարող են մարգինանալ եւ հայտնվել քաղաքական դաշտի լուսանցքում»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը հաստատել է այն կարգը, որով այսուհետ պիտի վարձատրվեն ՀՀ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորները: Ամսական վարձատրության չափը կլինի 150-300 հազար դրամի սահմաններում, ընդ որում, այդ գումարները կվճարի Պաշտպանության նախարարությունը՝ իր միջոցների հաշվին»: «ՉԻ» – Փաստորեն Հայ առաքելական եկեղեցին չի վճարում իր այն սպասավորներին, որոնք իրենց հոգեւոր ծառայությունն իրականացնում են բանակում՝ զինվորների եւ սպաների համար: Ու ճիշտ էլ անում է. նրանցից «քյար չկա»: Այ, եկեղեցիներում ծառայություն իրականացնողներն՝ ուրիշ բան. պսակադրությունից, կնունքից-բանից ահագին փող են աշխատում, ու մի մասն էլ բաժին հանում Սուրբ Էջմիածնին, այնպես որ՝ նրանց պետք է լավ նայել: Իսկ բանակի հոգեւորականներին թող բանակը վճարի: Ինչո՞ւ պիտի Մայր Աթոռը ձրի բան անի բանակի համար: Համ էլ՝ ինչո՞ւ պիտի բոլորը բանակի փողերից օգտվեն, Եկեղեցին չօգտվի: Անարդար է»: