24.11.2024
Զինված ուժերում կներդրվեն արդիականացված ճաշարանային համալիրներ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը վարելու է կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն

Հայաստանը ՀԱՊԿ կազմում է եւ չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս մասին արտասահմանյան լրագրողների հետ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը: Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»,- նշել է Փաշինյանը:


Փաշինյանն ընտրություններից անմիջապես հետո կարևոր մեսիջ հղեց ուժային տարբեր կենտրոններին, առաջին հերթին Արևմուտքին, որ անկախ ԱԺ ընտրությունների արդյունքներից ու վստահ հաղթանակից, ինքը չի պատրաստվում դուրս գալ ՌԴ-ի հետ միասնական ռազմա-քաղաքական դաշինքներից, մասնավորապես ՀԱՊԿ-ից և չի պատրաստվում արտաքին քաղաքականությունն 180 աստիճանով շրջել ու  ՀՀ-ն տանել դեպի ՆԱՏՕ:


Այս մեսիջը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ տարբեր փորձագետներ խոսում էին թավշյա հեղափոխության արտաքին քաղաքական, գեոպոլիտիկ ուղղվածության ու ՀՀ-ն ՌԴ-ից կտրելու ու դեպի ԵՄ ու ՆԱՏՕ տանելու մասին:


Փաշինյանը 7 ամսվա իր գործունեության ընթացքում ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի և առաջին հերթին ՌԴ-ի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդվել` անկախ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ որոշակի խնդիրներից:


Փաշինյանի մեսիջը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն շարունակում է իր անվտանգության հիմնական բաղադրիչ համարել ՀԱՊԿ-ն ու այդ կազմակերպության շրջանակներում ՌԴ-ի հետ ռազմական, ռազմա-տեխնիկական կապերի ամրապնդումն առաջնահերթություն է:


Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը պահպանում է գործընկերային հարաբերությունները եւ՛ Ռուսաստանի, եւ՛ ԵՄ-ի հետ, բայց չի լինելու որևէ մեկի ազդեցության տակ:


Փաստորեն, Փաշինյանը նույնպես վարելու է այսպես կոչված կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն` ուժեղացնելով կապերը հիմնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու այդ կոնտեքստում ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ, սակայն պահպանելով հարաբերությունների բավականին բարձր մակարդակ Արևմուտքի` ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ-երկրների հետ: