Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիին
Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
ԱԳՆ ղեկավարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի մի շարք հարցեր: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը մշտապես ի ցույց է դրել իր հանձնառությունը և քաղաքական կամքը՝ արդյունավետորեն կիրարկելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և գործնական քայլեր է կատարել այս ուղղությամբ: Այդ առնչությամբ զրուցակիցները կարևորեցին հունիսին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և նոյեմբերին Երևանում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստերի անցկացումը, որոնք հնարավորություն ընձեռեցին Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ համապարփակ քննարկումներ ծավալելու համար: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հաջորդ նիստին ընդառաջ կարևորվեց ոլորտային և փորձագիտական մակարդակի հանդիպումների անցկացումը:
Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արևելյան գործընկերության տասնամյակը լավ հնարավորություն է գնահատելու մինչ օրս գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու զարգացման հեռանկարները։
ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած ձեռքբերումները։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Որպես Հայաստանի զարգացման օրակարգի հիմնասյուներ՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը, ի թիվս այլոց, առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաց Մնացականյանը ԵՄ պաշտոնյային տեղեկացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները և վերահաստատեց Հայաստանի՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը։
Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի, մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: