Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հաստատված գործընկերային հարաբերությունները կարևոր են
Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ:
Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորեց Հայաստանի ներդրումը խաղաղության պահպանման միջազգային ջանքերում։
ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շրջանակներում խաղաղության հաստատման գործում կանանց դերակատարության բարձրացման և բանաձևի իրականացման ուղղությամբ Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի վերջնականացման շուրջ։