Հայաստանը չի փոխել եւ չի պատրաստվում փոխել Ռուսաստանի տեղն իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Այս մասին «МК»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը։
Երևանն իր դեսպանի շուրթերով հստակ մեսիջ է ուղարկում ՌԴ-ի քաղաքական էլիտային ու ղեկավարությանը, որ ՌԴ-ՀՀ դաշնակցային, ռազմաքաղաքական տանդեմը շարունակելու է ամրապնդել իր կապերն ու չպետք է սպասել Երևանի կողմից արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր, ինչը կվտանգեր երկկողմ ազգային, պետական շահերն ու Մոսկվայի հետաքրքրություններն այս տարածաշրջանում:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը` Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ու Հարավային Կովկասը Թեհրանի դեմ պլացդարմի վերածելու ռազմավարությունը ՀՀ-ին հուշում են ավելի սերտ կապել հաստատել Մոսկվայի հետ`տարածաշրջանում չմեկուսանալու ու վաշինգտոնյան գեոքաղաքական ծրագրերում հերթական զոհը չդառնալու համար:
ՌԴ-ՀՀ-Իրան առանցքը պետք է միայն ամրապնդվի` տնտեսական, քաղաքական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում, իսկ Երևանի համար Մոսկվայի ու Թեհրանի հետ կապերն ունեն կենսական նշանակություն:
Ինչ վերաբերվում է դեսպանի հայտարարությանը, ապա նա վերահաստատում է ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, իսկ ՀՀ-ն չի լինելու ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, այլ Երևանը շարժվելու է իր ազգային, պետական շահերի տրամաբանությունից ելնելով, որը հուշում է, որ Մոսկվայի հետ դաշնակցային կապերին այլընտրանք գոյություն չունի:
Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական քաղաքականության, ՀՀ-ն տարածաշրջանում մեկուսացնելու ռազմավարության, Վրաստանի դեպի ՆԱՏՕ շարժվելու ու Իրանի դեմ ԱՄՆ-ի ծրագրերի պայմաններում ՌԴ-ն այն բնական դաշնակիցն է, որի վրա հենվելով ՀՀ-ն կարող է ապահովել իր անվտանգությունն ու օգտագործելով ՌԴ-ի ու այնտեղ բնակվող հայերի, այդ թվում՝ բիզնես շրջանակների ներուժը, դիմագրավել վերոնշյալ մարտահրավերին:
ՀՀ-ում ԱԺ-ի ընտրություններից հետո Երևանի արտաքին քաղաքականությունը պետք է շարունակի այն գիծը, որն ուղենշվել էր թավշյա հեղափոխությունից հետո` արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերից խուսափելն ու ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի ընդլայնումը պետք է դառնա արտաքին քաղաքական տեսլականի կարևորագույն տարրը:
Անկախ ընտրությունների արդյունքներից, ՀՀ-ի ներքաղաքական դիսկուրսում պետք է լինի կոնսենսուս ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման, ռուսական բազայի առկայության, ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում մնալու հետ կապված` ելնելով real politik-ի տրամաբանությունից: