VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծես թե ոչ մի իշխանություն չի կարողանում ընտրությունների գնալ առանց կրիմինալի ծառայությունների: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է թաքցնել այդ ծառայությունը իր ընտրական ցուցակներում ներգրավելով ոչ թե անմիջապես կրիմինալի ներկայացուցիչներին, այլ նրանց ընտանիքի անդամներին: Մասնավորապես՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում ՔՊ-ն մտադիր է առաջադրել հայտնի քրեական հեղինակություն Տույի քրոջը: Չնայած կարող են ասել, որ հեղափոխությունից հետո մարդկանց միջեւ ազգակցական կապերը իսպառ վերացված են»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Գնալու ենք բացառապես «սեւերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ մինչեւ ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ»,- ասաց ՀՀԿ-ականը։ ՀՀԿ-ում այս պահին քննարկում են քարոզարշավի մարտավարությունը։ Մեր տեղեկություններով՝ շաբաթ տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կքննարկվի համամասնական ցուցակի նախնական տարբերակը։ Այն վերջնական կհաստատվի նոյեմբերի 11-ին՝ ՀՀԿ համաժողովում։ Ցուցակը հիմնականում լինելու է կուսակցական, «դրսից» կլինի միայն Դավիթ Շահնազարյանը՝ առաջանցիկ տեղերում։ Համաժողովը կանեն ՀՀԿ գրասենյակում։ Լրագրողների համար այն փակ կլինի, սակայն ավարտին ասուլիս կտան։ Թեեւ մինչ այդ որոշում կար, որ անցկացվի ՄՀՀ-ում, առանձին սեկցիաներում էլ քննարկեն անվտանգության, տնտեսության, ԼՂ խնդրին վերաբերող հարցեր, սակայն կազմակերպչական առումով դա ժամանակատար է եղել»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինքում», օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի եւ Վայոց ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։ ԲՀԿ-ի հույսը Սերգեյ Բագրատյանն է, որովհետեւ Աղասի Հակոբջանյանն էլ է նեղացած եւ նախկին էնտուզիազմով չի առաջադրվի։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ հնարավոր է ոչ թե հարազատ Արարատի մարզում ռեյտինգայինով առաջադրվի, այլ Երեւանի Կենտրոն համայնքում․ Արարատում նա ունի ուժեղ թեկնածու՝ ի դեմս Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւոնյանի, ով նախորդ ընտրություններում մոտ 4 հազար ձայն հավաքեց»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է վերածվել։ Շատ ավելի դյուրին է կանանց հարցը, քանի որ «ՔՊ»-ում կին գործիչների պակաս կա, իսկ օրենքի պահանջով յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է կին լինի։ Մեզ ասացին, որ բոլոր պաշտոնյաները պետք է առաջադրվեն, այդ թվում՝ ռեյտինգայինով, որ հասկացվի՝ «ով ինչ արժե»։ Այս առումով բարդ է լինելու, ասենք՝ մշակույթի, առողջապահության, տրանսպորտի եւ էլի մի քանի նախարարի գործը, որոնց մարդիկ գրեթե չեն ճանաչում։ Հիմա որոշվում է, թե ով որ ընտրատարածքից է առաջադրվելու։ Հայտնի է, որ Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի տարածքներում առաջադրվելու են Դավիթ Սանասարյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը։ Մալաթիա-Սեբաստիայում՝ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Նոր Նորքում՝ «Լուսավորից» «փախած» Հայկ Կոնջորյանը։ «ՔՊ»-ն ռեյտինգային թեկնածուների պակաս ունի Վայոց ձորում եւ Սյունիքում։ Իսկ դատելով Կապանի քաղաքապետի ընտրություններից՝ Սյունիքում հեշտ չի լինելու»:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գեւորգյանը: «Զարմանալին այն է, որ Գեւորգյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գեւորգյանը ինքն է ձեւավորում ռեյտինգային ցուցակը՝ այնտեղ ներգրավելով մարդկանց, ովքեր իր համար չեն կարող մրցակից լինել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում ընդգրկվելու հավանականությունը բացատրեց նրանով, որ ինքը կուսակցության հիմնադիրներից է, թեեւ վերջին ընտրություններին չի մասնակցել։ Նրա կարծիքով, որեւէ մեկը ԵԿՄ-ն չի քաղաքականացնի, սակայն այս ընտրություններին էլ ազատամարտիկներից ոմանք կաջակցեն «ՔՊ»-ին, ՀՀԿ-ին կամ «Հանրապետությանը»։ Արդեն հայտնի է «Հանրապետության» առաջին եռյակը՝ Արամ Սարգսյան, Արտակ Զեյնալյան, Գեղամ Հարությունյան, թեեւ «Ազատ դեմոկրատների» հետ բանակցությունները շարունակվում են։ Դաշինքի դեպքում 50/50 համամասնությունը կգործի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հարցրինք մարզպետին՝ վկայակոչելով լուրերը, որ Սասունն է որոշում՝ ով դառնա գյուղապետ, ով հրաժարական ներկայացնի եւ այլն։ «Չկա նման բան»։ Այսինքն՝ Դուք եք «ասողը»։ «Մեր մարզում չկա նման հասկացողություն, ես կատարում եմ օրենքով ինձ վերապահված լիազորությունները, որեւէ այլ կողմնակի միջամտություն չեմ ընդունում, եւ չկա էլ նման բան»։ Ապա խոստովանեց․ «Եթե նայեք մարզպետարանի կադրային քաղաքականությանը, մասնավորապես՝ հայեցողական պաշտոնները, ապա կտեսնեք՝ իմ շրջապատի, մեր քաղաքական շրջապատի, անցյալ տարվա քաղաքական գործունեություն ծավալած գործիչներից է բաղկացած»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, սեպտեմբերի հայտնի ելույթում էլ ուժային կառույցների ղեկավարներին հրահանգեց թիկնապահներ ունեցողներին «փռել ասֆալտին», այնուամենայնիվ, հայկական իրականությունում շատ քիչ բան է փոխվել: Համենայնդեպս այն գործարարները, որոնք հեղափոխության վերջին օրերին ճարպիկ գտնվեցին, աջակցեցին հեղափոխությանը, այժմ արտոնյալ դիրքեր ունեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին շրջանում «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները շարունակում են թիկնապահներով շրջել, ընդ որում՝ անթաքույց: Վարդանյանների ընտանիքին յուրաքանչյուր առավոտ տանից դեպի աշխատանքի վայր կամ մեկ այլ տեղ ուղեկցում են թիկնապահները առանձին ավտոմեքենաներով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Միքայել Վարդանյանից հետաքրքրվել, թե ինչն է թիկնապահներից անբաժան շրջելու պատճառը, սակայն գործարարը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հետաքրքիր է՝ նոր Հայաստանում ումի՞ց են վախենում Վարդանյանները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Համաձայն սահմանված կարգի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը ավարտվել է: Ու թեև դեռ Հայաստանի կողմից առաջադրվելիք նոր թեկնածուի ու, ընդհանրապես, Հայաստանի` ՀԱՊԿ-ում նախագահելու հարցը դեռ մնում է օդից կախված, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երեկ երեկոյան Յու. Խաչատուրովը վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Խաչատուրովն օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա…
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ, էլի…
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, տեղակալն ա օպերատիվ գծով:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Լավ, մի հատ հասկանամ, կխոսանք, ընգեր:
Այդպես էլ նախաքննական մարմնի ղեկավարները մինչ օրս չեն մանրամասնել, թե ով էր մարտյան իրադարձությունների ժամանակ ԳՇ օպերատիվ գծով տեղակալը, եւ, առհասարակ, ինչ էին ցանկանում անել նրա հետ:«Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից փորձեց հստակեցնել, թե, ի վերջո, ո՞վ է եղել 2008 թվականին Գլխավոր շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալը, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, կանչվե՞լ է արդյոք հարցաքննության, մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ հիմքով: Սակայն ՀՔԾ-ից պատասխանեցին, որ նախաքննական գաղտնիք է՝ նույնիսկ չասելով, թե ում նկատի ունեին գաղտնալսված պաշտոնյաները իրենց խոսքում: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Յուրի Խաչատուրովի տեղակալների կենսագրությունները, նկատեց, որ 2008 թվականին (մարտի 1-ի օրերին) ԳՇ օպերատիվ գծով տեղակալ չի եղել, այլ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչություն: Եվ օպերատիվ գծով վարչության պետը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը: Չի բացառվում, որ Արտակ Դավթյանին նկատի ունեն գաղտնալսված պաշտոնյաները: Արդյոք հենց նա՞ է եղել մարտյան արյունալի իրադարձությունների կիզակետում»: