25.11.2024
Ես առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ՝ չընտրվելու համար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը չպետք է մաս կազմի հակաիրանական կոալիցիայի

Հոկտեմբերի 25-ին Հայաստան կայցելի ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Բոլթոնի այցը ՀՀ պայմանավորված է նոր իշխանությունների հետ կապերի հաստատման ու հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու մտադրությունների հետ: Սակայն չպետք է մոռանալ Բոլթոնի այցի տարածաշրջանային բաղադրիչը:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-Իրան հարաբերություններում առկա է խորը հակադրություն` Թրամփի վարչակազմը փորձում է հասնել իրանական տնտեսության ու քաղաքական համակարգի կոլապսին ռեժիմի փոփոխության նպատակով: Բոլթոնի այցին ուշադրությամբ հետևելու են Մոսկվայում ու Թեհրանում` Հարավային Կովկասն այդ երկրների կենսական շահերի տարածք է:

ԱՄՆ-ի քաղաքականության «բազեներից» մեկը, հավանաբար, փորձելու է զոնդաժ իրականացնել և տեսնել, թե արդյոք հնարավոր է Իրանի սահմանների երկայնքով ստեղծել հակաիրանական պլացդարմ:  ՀՀ-ի ազգային, պետական շահերից է բխում Իրանի հետ բարեկամական, ռազմավարական կապերի պահպանումը, դա է թելադրում թե՛ ՀՀ-ի շուրջ ստեղծված թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական քաղաքականությունը, թե՛ աշխարհագրությունը` Իրանը ՀՀ-ի համար նաև «կյանքի ճանապարհ» ապահովող երկրներից մեկն է Վրաստանին զուգահեռ:

ՀՀ-ի նոր իշխանությունները չպետք է ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների խորացման, անգամ ամերիկյան ներդրումների խոստման դիմաց գնան հայ-իրանական հարաբերությունների վատթարացման կամ հակաիրանական կոալիցիայի մաս կազմեն, քանի որ դա հանգեցնելու է ՀՀ-ի պետականության անկման ու տարածքային կորուստների:

Չմոռանանք, որ Իրանի հյուսիսում բնակվում է մի քանի միլիոն ադրբեջանցի, ովքեր պանթուրքական և պանազերիական ռազմավարությունից ելնելով` ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և այլ հակաիրանական երկրների աջակցությամբ կարող են սկսել անջատողական շարժումներն ու ՀՀ-ն իր հարավում կարող է ստանալ Մեծ Ադրբեջան:

Իրանը ՀՀ-ի համար կարևոր տնտեսական գործընկեր է, ունի բազմամիլիոնանոց շուկա և մեծ ազդեցություն թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում: Խնդիրներ ստեղծելով Իրանի հետ հարաբերություններում, Երևանը կարող է ստանալ Իրանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հարցում, անվտանգության սպառնալիքի մեծացում հարավային սահմաններում, ինչպես նաև հայկական համայնքները արաբական երկրներում կարող են հայտնվել իսլամիստական խմբերի հարվածի տակ:

Բոլթոնի այցը կարելի է դիտարկել հայ-ամերիկյան հատկապես տնտեսական հարաբերությունները մեծացնելու հնարավորություն, որպես հնարավորություն ներդրումներ ներգրավել հայկական տնտեսության մեջ, սակայն ՀՀ-ն երբեք չպետք է կանգնի երկընտրանքի առջև: Այն է՝  ԱՄՆ-ի հետ կապերի խորացում ի վնաս բարեկամական Իրանի հետ հարաբերությունների:

Ադրբեջանը, գտնվելով իսրայելական, արևմտյան տարբեր խոշոր ընկերությունների ազդեցության տակ, չի գնա Իրանի հետ հարաբերությունների վատթարացմանը: Հայաստանը առավել ևս չպետք է գնա այդ քայլին: Բաքուն ընդլայում է Իրանի հետ էներգետիկ-տրանսպորտային, տնտեսական կապերը` անտեսելով Արևմուտքի բացասական արձագանքը:

ՀՀ-ն, գտնվելով թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ և ունենալով լոգիստիկայի խիստ սահմանափակ հնարավորություններ, պետք է Իրանին դիտարկի որպես ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ միասին ու տարածաշրջանում մաս չկազմի որևէ աշխարհաքաղաքական բաժանարար գծերի: