25.11.2024
Հայաստանը չպետք է մաս կազմի հակաիրանական կոալիցիայի
prev Նախորդ նորություն

Մինչ օրս ՀՀԿ-ն չի դադարում փորձել ռևանշի հասնել. Փաշինյան

Մինչ օրս Հանրապետական կուսակցությունը չի դադարում փորձել ռևանշի հասնել: Այս մասին ԱԺ-ում վարչապետի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, սկզբում փորձ է արվել համախմբվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ, սակայն այդ փորձը տապալվեց, քանի որ ՀՀ հանրությունը միանշանակ մերժեց նման սցենարով իրավիճակի զարգացման հավանականությունը:


Երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստն էր, երբ հանրապետականները ներկայացրեցին փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ» օրենքում, ինչը պետք է խաթարեր քաղաքական գործընթացների վրա ազդելու հասարակության հնարավորությունը:


«Երկու ժամվա ընթացքում մոտ 80 հազար քաղաքացիներ շրջապատեցին Ազգային ժողովի շենքը` ցույց տալով, որ հասարակության գործոնը բացառելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Նմանատիպ բոլոր փորձերը, առանց բացառության, կստանան լայն դիմադրություն մեր քաղաքացիների կողմից», - ասաց Փաշինյանը:


ՀՀԿ-ականների երրորդ քայլը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունումն էր, ինչը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն այդպիսով ձգտում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել գործող Ընտրական օրենսգրքով:  Նրանք կարծում են, ասաց վարչապետի թեկնածուն, որ գործող ռեյտինգային համակարգը թույլ կտա նրանց վրեժխնդիր լինել առաջիկա ընտրություններում և հաղթել: 


«Կապանում կայացած ընտրություններից հետո նման հույս է ծագել, բայց տեղի ունեցավ հետեւյալը. ընտրությունները ցույց տվեցին, որ հին համակարգը դեռ կենդանի նշաններ է ցույց տալիս», - ասաց նա եւ ավելացրեց, որ հին մեթոդները Կապանում մոդիֆիկացվել են ու որոշակի արդյունք տվել: Հետեւաբար, համոզմունք հայտնեց Փաշինյանը, ՀՀԿ-ականները դեռ հույսեր են տածում, որ առաջիկա ընտրություններին նրանք ամենուր կկարողանան իրականացնել «Կապանի սցենարը»:


«Սյունիքի մարզում հեղափոխություն չի լինի դեռ այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ավելի ուժեղ են, քան պետությունը եւ ժողովրդի իշխանությունը: Սյունիքում պետք է հաստատվի պետական ժողովրդական ​​իշխանություն, եւ դա քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության խնդիր »,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ միայն նախորդ իշխանությունների մեթոդներին ծանոթ մարդը կարող է հաղթահարել այդ խնդիրը և այդ պատճառով է Հունան Պողոսյանը նշանակվել Սյունիքի մարզպետ: