26.11.2024
ՀՀԿ-ն և՛ ժամանակ, և՛ հնարավորություն ուներ առաջարկներ անել ԸՕ նախագծի վերաբերյալ. Նազարյան
prev Նախորդ նորություն

Դաշնակցությունը դարձյալ ընդդիմություն է ու կմասնակցի արտահերթ ընտրություններին

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը` առաջիկա ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։


Ի շարս քաղաքական, կազմակերպական եւ այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահեթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, որում մասնավորապես ասված է.  


ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը՝

. արժեւորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները,

. կարեւորելով քաղաքական ուժերի միջեւ գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը,

. իբրեւ ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները,

. արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետության եւ արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին,

որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին:


Միաժամանակ, Ժողովը՝
. արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,
. իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,

. փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:


Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով։