Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ ֆորումի մասնակիցներին և կարևորել Երևանում դրա անցկացումը:
«Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: Ակնհայտ է, որ այն շատ առումներով որոշվում է նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հաշվի առնելով: Այս համատեքստում կարծում եմ, որ համաժողովը լավ հարթակ է՝ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, հատկապես ԵԱՏՄ խորհրդի նախագահությունը Հայաստանին անցնելու շեմին: Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումը, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը նաև հնարավորություն կտա քննարկել ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակներին հուզող խոչընդոտները և մշակել գործուն միջոցներ դրանց վերացման համար:
«Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթ»-ը կդառնա այն հարթակը, որտեղ կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ ծրագրերը, և կհաստատվեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայաստանյան ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման ներկայացվածությունը վկայում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրության և կոնկրետ որոշումների կայացման կարևորության մասին:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանն աճի կայուն տեմպեր է արձանագրում ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի ծավալի և համագործակցության առումով, որի ցուցանիշներն ինքնին խոսուն են: «Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող մատակարարումների ծավալը 2018թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն ԱՄՆ դոլար: Ուրախ եմ արձանագրել, որ աճը ձևավորվում է գործնականում բոլոր անդամ երկրների շուկաների հաշվին: Դա խոսում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև ԵԱՏՄ-ում Հայաստանի կայուն մասնակցության մասին, որն արդեն ակտիվորեն ազդում է տնտեսական ակտիվության և ներմուծման-արտահանման վրա», - նշել է նա:
ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի շարք առանցքային հարցերի վրա՝ կարևորելով ֆորումի շրջանակում դրանց հանգամանալից քննարկումը.
«Առաջին. այս տարում ԵԱՏՄ անդամ երկրները և Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել՝ որպես ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ընդհանուր սահմանի և Իրանի հետ սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկայությունը լրացուցիչ խթաններ են ստեղծում առևտրատնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ՝ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև հուսալի առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար:
Երկրորդ. կարևորում ենք, որ Միությունը շարունակի այն երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ բոլոր երկրների հետ համագործակցությամբ: Այս համատեքստում պատրաստ ենք ակտիվորեն ներգրավվել ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցություններում:
Երրորդ. բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացումը՝ ավելացված արժեքի բարձր համամասնությամբ, կարևոր խնդիր է դառնում ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման տեսանկյունից: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի շրջանակում բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վերաբերյալ բանավեճերի կազմակերպման վրա՝ հատկապես հաշվի առնելով տեխնոլոգիական կառուցվածքի փոփոխության համաշխարհային միտումները: Հայաստանում կուտակվել է լուրջ ներուժ. բարձր տեխնոլոգիական ոլորտում գործում է շուրջ 400 ձեռնարկություն, և մենք հետաքրքրված ենք զարգացնելու ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը արտաքին շուկաներ համատեղ դուրս գալու ուղղությամբ:
Չորրորդ. ինտեգրման հետագա խորացման առումով կարևոր դեր ունի բիզնեսի և ռեգուլյատորների միջև բաց երկխոսությունը: Վստահ եմ, որ համաժողովի շրջանակում անցկացվելիք՝ Բիզնեսի հետ փոխգործակցության խորհրդատվական խորհրդի հերթական նիստի ժամանակ կքննարկվեն մեր երկրների գործարարներին հուզող հիմնական հարցերը»:
Ժամանակակից մաքսային կարգավորումներ ձևավորելու տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի լիարժեք կիրարկումը: «Բայց մենք պետք է կարողանանք նաև լուծել գործող մաքսային ենթակառուցվածքի արդիականացման ու նոր մաքսային լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքի ստեղծման հարցը, որը կհամապատասխանի ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներին, այնպես էլ ապրանքաշրջանառության աճին: Դա շատ կարևոր է Հայաստանի համար, որը, չունենալով ընդհանուր ցամաքային սահման ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ, արձանագրում է արտահանման աճ դեպի ԵԱՏՄ երկրներ դե ֆակտո միակ՝ ռուս-վրացական սահմանին գործող ցամաքային սահմանային անցակետի միջոցով», - ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի ԵԱՏՄ տարածքում համագործակցության հետագա ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մասնակից ընկերությունների գործունեությանը, նորարարական ներուժին և զարգացման ծրագրերին:
«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ: Այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։
Ֆորումին մասնակցում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերություն: Իսկ ցուցահանդեսում ներկայացված է լինելու ԵԱՏՄ երկրների՝ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքը գյուղմթերքի վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործական, շինանյութերի արտադրության, ոսկեգործության և այլ ոլորտներից: