27.11.2024
Հայաստանում խորը փոխակերպում է ընթանում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՏԻՄ ընտրությունները` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուժի ցուցադրություն

Հայաստանի 4 քաղաքներում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում, հոկտեմբերի 21-ին կայացած քվեարկությամբ քաղաքապետեր են ընտրվել: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով նշված չորս քաղաքներից երկուսում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, մեկում հաղթել է ՔՊ–ական թեկնածուն, որը, սակայն, ինքնաառաջադրվել էր, իսկ քաղաքներից մեկում հաղթել է անկուսակցական թեկնածուն։


Նախնական տվյալներով՝ Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն ինքնաառաջադրվել էր։ Արմավիրում հաղթանակ է տարել ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը, Էջմիածնում հաղթել է ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, ով մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր: Իսկ Կապանում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը՝ հաղթելով ՔՊ թեկնածուին:


Ընտրությունների արդյունքները ցուցադրում են այն ազդեցությունն, որն ունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հասարակության շրջանում:


Պետք է նշել, որ Հրազդանում հաղթանակ է տարել հենց Սասուն Միքայելյանը, ով արցախյան ազատամարտի վետերան է, ընդդիմադիր գործիչ, ով տարիներ շարունակ պայքարել է նախկին իշխանությունների դեմ` հայտնվել բանտում մարտի 1 դեպքերի հետ կապված, ինչպես նաև Հրազդանում ճանաչված մարդ է:


Այսպիսով, Հրազդանում հաղթանակ տարած թեկնածուն իր հաղթանակով պարտական է առաջին հերթին հենց հոր բարձր վարկանիշին ու ոչ անմիջականորեն նաև Փաշինյանի թիմին, քանի որ հասարակությունը քվեարկել է հեղափոխությանը մասնակցած ուժի մի մասնիկը կազմող թեկնածուի օգտին:


Ինչ վերաբերվում է Արմավիրին ու Էջմիածնին, ապա Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցել է այստեղ հօգուտ ՔՊ-ի թեկնածուների հրավիրված հանրահավաքներին, ու սեփական վարկանիշի մի մասն էլ «փոխանցել» նրանց, ովքեր մինչ այդ ճանաչված չեն եղել իրենց քաղաքներում` չեն ունեցել ո՛չ վարչական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլեկտորալ ներուժ, բայց հաղթեցին երեկ:


Բացի այդ, Էջմիածնում ՔՊ-ի հաղթանակը պայմանավորված է Մանվել Գրիգորյանի ու նրա կլանի անդամների պասիվությամբ այս ընտրություններին: Նրանք որևէ կերպ չեն միջամտել ու մասնակցություն չեն ունեցել, չնայած բոլորն էլ գիտեն, որ տասնամյակներ շարունակ Էջմիածինը եղել է Մանվել Գրիգորյանի ու նրա ընտանիքի անմիջական ազդեցության տարածք, որտեղ երկար տարիներ քաղաքապետ էր գեներալի որդին: ՀՀԿ-ն Էջմիածնում ջախջախված էր և նախկինների անօրինակություններից հիասթափված քաղաքացիներն ընտրել են նոր թեկնածու` կրկին անգամ վստահության քվե տալով ոչ թե երիտասարդ ու անփորձ թեկնածուին, այլ Փաշինյանի թիմին ու նրա կողմից առաջադրված թեկնածուին:


Ամենահետաքրքիրը Կապանում տեղի ունեցած զարգացումն էր: Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս Կապանում էր ու հանրահավաք էր անցկանցում, սակայն կապանցիների իրենց ձայնը տվեցին ոչ թե ՔՊ-ի թեկնածուին, այլ անկուսակցականին: Այս ընտրությունը, հավանաբար, պայմանավորված էր վերջերս Սյունիքի մարզպետի նշանակման որոշման հետ: Հիշեցնենք, Սյունիքի մարզպետ է նշանակվել ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը, ինչն էլ առաջացրել էր սյունեցիների դժգոհությունը, քանի որ Պողոսյանը համարվում է հին վարչակազմի վառ ներկայացուցիչ ու նրա նշանակումը մարզում հիասթափության ալիք բարձրացրեց Փաշինյանի որոշման դեմ: Գուցե հենց սա հանգեցրեց ՔՊ-ի թեկնածուի պարտությանը:


Այսպիսով, Փաշինյանը շարունակում է վայելել հասարակության մեծ մասի վստահությունն ու ունի անձնական բարձր վարկանիշ, սակայն հետհեղափոխական էյֆորիան անցնում է ու դեկտեմբերյան ընտրություններին կարող են գրանցվել հետաքրքիր արդյունքներ: