ՀՀ վարչապետի հրաժարականից բացի Ազգային ժողովի արձակման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցնակցելու այլ եղանակներ կան: Բանն այն է, որ Ազգային ժողովում այլեւս կայուն մեծամասնություն գոյություն չունի, որը սահմանադրության պահանջ է երկրի կառավարման համար:
Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ առաջարկելով կառավարությանը գնալ այլ ճանապարհով, այն է՝ կատարել որոշակի փոփոխություններ սահմանադրության 92-րդ հոդվածում եւ հաղթահարել ճգնաժամը:
Ստեղծված ճգնաժամը եւ քաղաքական աղմուկը
Ազգային ժողովում հոկտեմբերի 2-ին արտահերթ ընթացակարգով ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների կողմից նախաձեռնված աղմկահարույց օրենսդրական փոփոխությունները, որոնցով էականորեն դժվարանում է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ կառավարության նախաձեռնությունը, երկիրը կանգնեցրել են իստիտուցիոնալ ճգնաժամի շեմին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում բանակցություններից հետո հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը։ Այդ սցենարի կյանքի կոչման համար նա պատրաստվում է հրաժարական տալ, իսկ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները պարտավորվում են վարչապետի թեկնածու չառաջադրել։ Երկու անգամ ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրելու պարագայում, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը ցրվում է և նշանակվում են արտահերթ ընտրություններ։
Այժմ, սակայն, հանրության և փորձագիտական շրջանակներում վստահություն չկա, որ գործընթացները կզարգանան հենց այդ սցենարով, քանի որ խմբակցությունները կարող են ուղղակի վարչապետի նոր թեկնածու առաջադրել և ընտրել։ Այս քայլն, ըստ էության, շեշտակի կխորացնի երկրում սկիզբ առած քաղաքական ճգնաժամը։
Միևնույն ժամանակ արդեն երկու օր է, ինչ նկատվում է միտում, երբ ՀՀԿ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից հայտարարում են արտահերթ ԱԺ ընտրությունների նախաձեռնությունն աջակցելու մասին:
Ի՞նչ իրավական և օրենսդրական մեխանիզմներով է հնարավոր անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպե՞ս դրանք գործի դնել, կհասցնի՞ արդյոք կառավարությունը մինչև դեկտեմբերին նախատեսվող արտահերթ ընտրությունները վերջնականացնել և խորհրդարանի հավանությանն արժանացնել ԸՕ-ի բարեփոխված տարբերակը:
Նախ՝ Սահմանդրության 89-րդ հոդվածը
Նա նախ անդրադարձավ Սահմանադրության 89-րդ հոդվածին, որի առաջին նախադասությամբ ասվում է՝ ԱԺ-ն ընտրվում է համամասնական կարգով, իսկ երկրորդ նախադասությունը հավելում. պետք է ապահովել ԱԺ-ում կայուն մեծամասնություն: «Սա խորհրդարանական կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորությամբ: Եվ եթե ուշադիր ընթերցեք՝ կա նաև երկրորդ մաս, եթե երկրորդ փուլով կայուն մեծամասնություն չապահովվեց, ուրեմն պետք է նոր ընտրություններ լինեն: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո կար կայուն մեծամասնություն, եթե փլուզվում է կայուն խորհրդարանական մեծամասնությունը, այ խնդիրը, արմատն այստեղ է»,-ասաց Գագիկ Հարությունյանը», - նշում է ԲՀԽ-ի նախագահը:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այս հարցում օրենսդրության մեջ կա որոշակի հակասական մոտեցում: «Բանն այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձևավորումը, ըստ Սահմանադրության, վերապահվում է ԸՕ-ին, որ կոալիցիայի ձևակերպման կարգն ու սահմանափակումները սահմանվում են ԸՕ-ով և Ընտրական օրենսգիրքը դրա համար սահմանել է մեխանիզմ, որ ընտրություններից հետո՝ վեց օր անց, կարելի է կոալիցիաներ ձևավորել, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն», - նկատեց նա:
«Ի տարբերություն Սահմանադրության այս կարգավորման, ԱԺ օրենքը նախատեսել է կոալիցիայի ձևավորման այլ ընթացակարգ, չնայած Սահմանադրությունը նման հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ դաշինքից, միանալ այլ խմբակցության և ձևավորել խորհրդարանական մեծամասնություն: Փաստն այսօր այն է, որ մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է լուծվի» - ասաց Հարությունյանը:
Հետո՝ Սահմանադրության 92-րդ հոդվածը
Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն առաջնորդվեր Սահմանադրության տրամաբանությամբ, ապա կարող էր հավաքվել և 92-րդ հոդվածով հաղթահարեր ճգնաժամը, որովհետև դրա հնարավորությունը տալիս է Սահմանադրության 92-րդ հոդվածը:
«Պետք է 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից, որտեղ ասվում է, որ 92-րդ հոդվածը տալիս է հիմքեր ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար, ընդամենը այդ հոդվածում պետք է ավելացվեր հետևյալը՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ- կառավարություն և ԱԺ-այլ մարմիններ հարաբերություններում:
92-րդ հոդվածում կարող էր փոփոխություն կատարվել, և այդ փոփոխությունը հանրաքվեով չի կատարվում: Լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»,-ասաց ՍԴ նախկին նախագահը: