Սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորք ժամանելուն պես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ և իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել են համանախագահներ
Իգոր Պոպովը,
Ջեյմս Ուորլիքը ,
Պիեռ Անդրիոն, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ
Անջեյ Կասպշիկը։
Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին
սրվել է։ Ադրբեջանական կողմի կրակոցներից մահացել է 3 խաղաղ բնակիչ, երկուսը վիրավորվել են։
Հյատանի պաշտպանության նախարարություն, ըստ պաշտոնական տեղեկատվության իրականացրել է պատժիչ գործողությունների, որի արդյունքում ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Այս պահին իրավիճակը համեմատաբար կայունացել է: Հայ զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան:
«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարևոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակի սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը», - շեշտել է Նալբանդյանը։
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով Հայաստանի երեք քաղաքացիների սպանությունը` նախարարն ասել է. - «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են իրավիճակը կայունացնելու նպատակով ձեռնարկելիք հնարավոր քայլերը։
Մինչ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կատարել էր հերթական "թվիթը"՝ հայտնելով, որ համանախագահները հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումների մեջ են՝ բռնության նոր դեպքերի առնչությամբ։ «Մենք կոչ ենք անում վերջ դնել հարձակումներին և վրեժխնդրությանը»,- «Թվիթեր»-ում գրել է ամերիկացի համանախագահը։
Անդրադառնոլավ ադրբեջանական կողմի Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը՝ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ասել է, որ հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը:
«Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը»,- ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Tert.am-ին ասել է Քոչարյանը։