23.11.2024
ՀՀ եւ ՌԴ Քննչական կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են հետագա համագործակցության մասին
prev Նախորդ նորություն

Հայատանում են ԵԱՏՄ երկների կենտրոնական բանկերի նախագահները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս ԵԱՏՄ շրջանակներում ակտիվորեն քննարկվում է միության շրջանակներում դոլարից և եվրոյից հրաժարման ու ազգային արժույթներով առևտուր անելու գաղափարը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ էր մտցրել, որը ենթադրում է այնպիսի մեխանիզմի ստեղծում, որը թույլ կտա ԱՊՀ–ում հրաժարվել դոլարից։ Սա նշանակում է նոր միասնական ֆինանսական շուկայի ստեղծում` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և այլ երկրների միջև։

Հենց այս ենթատեքստում օրերս Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների հանդիպման ժամանակ առաջարկեց ռազմավարական ապրանքի (գազ, նավթ, ուրան) վաճառքն իրականացնելու ժամանակ անցնել ռուբլով հաշվարկի` հրաժարվելով դոլարին կապված մնալուց։

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում խոսք չկա ապադալարացման կամ ազգային արժույթով միջպետական առևտրի խթանման մասին: Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից VERELQ-ին հայտնեցին, որ միջոցառման շրջանակներում լրատվամիջոցների հետ հանդիպում նախատեսված չէ: Հանդիպմաը ներկա են գտնվել Հայաստան ժամանած Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին և Ղազախստանի ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովին:

ՀՀ ԿԲ նախագահը և վերոնշյալ երկրների պատվիրակությունների ղեկավարները Սերժ Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային ճաշի ժամանակ ներկայացրել են ս.թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք նիստի օրակարգը, որի շրջանակներում նախատեսված է քննարկել ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը, անդրադառնալ դրամավարկային քաղաքականությունների իրականացմանը, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև վճարային համակարգերի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հանրապետության նախագահը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին, հույս հայտնելով, որ կենտրոնական/ազգային բանկերի նախագահները կկարողանան կառուցողական մթնոլորտում քննարկել ԵԱՏՄ օրակարգի առավել արդիական հարցերն ու մշակել մասնակից պետությունների մակրոտնտեսական քաղաքականության համակարգման արդյունավետ մեխանիզմներ՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտի համաշխարհային և տարածաշրջանային ներկայիս միտումները: