ԱՄՆ նախկին դեսպան. Հարկավոր է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական պաշտոնյաների դեմ
2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրությունների կեղծումից հետո Իլհամ Ալիեւի ռեժիմը սկսեց բացահայտորեն հետապնդել թշնամիներին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի եւ «Freedom House»-ի նախկին ղեկավար Դեւիդ Քրամերի հոդվածում:
Նրանց խոսքով, ընդդիմադիր գործիչները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները սկսեցին պետության կողմից որպես թշնամի ընկալվել:
Հեղինակները նշում են Ալիեւի ռեժիմի բազմաթիվ զոհերին, որոնց հետապնդել եւ բանտերն են նետել: Նրանք հիշում են նաեւ լրագրող Ռասիմ Ալիեւին, որը գազանաբար ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացավ: Նույնիսկ նրանք, ովքեր հեռացել են Ադրբեջանից, շարունակում են սպառնալիքներ ստանալ:
Կոզլարիչն ու Քրամերն անդրադառնում են նաեւ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դատավճռին՝ նշելով, որ միջազգային հանրությունն անմիջապես արձագանքեց՝ դատավճիռն անվանելով «ցնցող եւ բացահայտորեն ամոթալի»: Սակայն, նրանց կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարությունը, ի տարբերություն իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԱՀԿ ներկայացուցիչների, հանդես եկավ «թույլ հայտարարությամբ»՝ նշելով, որ «խորապես անհանգստացած է» դատավճռի առիթով: Վաշինգտոնը լռեց նաեւ Ռասիմ Ալիեւի գործի առիթով (հայտարարություն հնչեց միայն Բաքվում դեսպանատանը):
«Այդ իրադարձությունները կտրուկ կերպով դատապարտելու փոխարեն, ԱՄՆ-ն վերջերս երեք պատվիրակ ուղարկեց Բաքու. հատուկ պատվիրակ Ամոս Հոխշթեյնին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդին եւ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Էվելին Ֆարկասին՝ քննարկելու էներգետիկ, տրանսկասպյան հարցեր եւ անվտանգության խնդիրներ: Չնայած մարդու իրավունքների իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում, Ֆարկասը, ըստ հաղորդագրությունների, Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է կոչել»,- գրում են հեղինակները:
Կոզլարիչի եւ Քրամերի կարծիքով, խաղաղ դիվանագիտությունը չի գործում, եւ «խորն անհանգստության» մասին հայտարարությունները ոչ մի արդյունք չեն տալիս: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը ռեժիմին ամերիկյան աջակցության նշան կարելի է համարել:
«Տխուր փակուղային կիրավիճակը պետք է փոխվի եւ արագորեն: Հարկավոր է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական պաշտոնյաների դեմ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների կոպիտ խախտման գործում: Պետք է ադրբեջանական ռեժիմի զանգվածային կոռուպցիայի հետաքննություն սկսել, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է միայն խոսքից գործի անցնեն»,- ամփոփում են հոդվածի հեղինակները: