«Ժառանգություն»-ը շնորհավորում է երեւանցիներին՝ օրինական ընտրությունների առթիվ
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ:
«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար եւ անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի եւ երաշխիքը՝ նախկինին այլեւս երբեք չվերադառնալու:
Մենք նաեւ շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պարոն Հայկ Մարությանին՝ այս կարեւոր միջոցառումը իրենց մասնակությամբ կայացնելու համար եւ ամենաբարին մաղթում նրանց բոլորին», - ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը:
Այսպիսով, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։
ԿԸՀ-ից հայտնում են, որ թեև ոչ ոք այլևս չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն 8 տոկոս է, կուսակցությունների համար՝ 6 տոկոս), «Լույս» դաշինքն էլ կընդգրկվի ավագանի, քանի որ, ըստ օրենքի, ավագանու կազմում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր:
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին: