Խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ ի թիվս այլ հասցեների՝ օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։
Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Քրեական գործի շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն, իսկ արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:
Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ առավոտվանից ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։