Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ով երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախ, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկուստեք վստահություն հայտնվեց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ այդ նպատակով միջազգային միջնորդության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերի մոտեցումներին եւ գերակայություններին՝ զրուցակիցներն ընդգծեցին, որ հիմնախնդրի առանցքն Արցախում ապրող բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Նախարարի խոսքով՝ Արցախին հաջողվել է կայացած պետականությանը հարիր հաստատություններով օժտված հասարակություն կերտել` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա:
Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հետ պետական սահմանին գտնվող բնակավայրերի, մասնավորապես, Բաղանիս, Չինարի, Կոթի գյուղերի գնդակոծմանը, քաղաքացիական հաստատությունների, այդ թվում՝ մանկապարտեզի թիրախավորմանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նման գործողությունները խստորեն դատապարտելի են, իսկ բնակավայրերի եւ քաղաքացիական բնակչության գնդակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է:
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի այս գործողությունները, ինչպես նաեւ պատերազմական հռետորաբանությունը եւ ռազմատենչ հայտարարությունները հակասում են համանախագահների եւ միջազգային հանրության կոչերին՝ քայլեր ձեռնարկելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի ձեւավորման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը ճեպազրույց ունեցավ արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նույն օրը նախարարն այցելեց Ստեփանակերտի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին եւ ձեռքբերումներին։ Նախարարը նշեց. «ԹՈՒՄՕ-ում կրթություն են ստանում երեխաները, ինչը եւս մեկ անգամ հիշեցում է, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, երիտասարդությունը, ովքեր ամեն օր, այցելելով այստեղ կամ կրթական այլ հաստատութուններ, կերտում են իրենց ապագան, եւ մեր գերակայությունն է, որ այն լինի խաղաղ ու ապահով»: