26.11.2024
Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Տեղեկատվական տեռոր Նաիրա Զոհրաբյանի դեմ. «Ծառուկյան» խմբակցությունն ահազանգում է

ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի խոսքով՝ սև PR զբաղվում է Բարգավաճ Հայաստանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին նա հայտարարեց ԱԺ ճեպազրույցների ժամանակ:


Լենա Նազարյանը նաև հայտարարեց, որ ահազանգ ունեն, որ քաղաքական ուժերից մեկը ընտրակաշառք է բաժանում:


Իր հերթին, Ծառուկյան խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ սա հերթական առիթն է, որպեսզի հայտարարեն՝ ընտրակաշառք բաժանելու գործընթացը դատապարտելի է և եթե նման տեղեկություն ունեն, ապա թող դիմեն իրավապահներին, քրեական գործ հարուցվի.


«Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ անկախ նրանից, թե որ ուժից կլինի: ԲՀԿ-ն որևէ քայլի չի գնալու և որևէ մտահոգություն այդ առնչությամբ չունենք: Բայց միևնույն ժամանակ, եթե նման գործընթաց չկա, ապա օրենքով պետք է պատիժ կրեն նման ստահոդ տեղեկություն տարածելու համար», - հայտարարեց նա:


Անդրադառնալով Նազարյանի մեղադրանքներին, որոնք պատասխան էին երեկ Նաիրա Զոհրաբյանի կողմից հնչեցրած մեղադրանքների, Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն չի սկսել սեւ PR իրականացնել, և այդ ամենը պարզապես եղել է արձագանք՝ օրեր շարունակ սոցցանցերում և կայքերում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական «ռեկետի, տեղեկատվական տեռորի, որի հանգուցալուծումն ի վերջո եղել է երեկ միտինգի ժամանակ հնչած այդ ելույթը».


«Օրեր շարունակ մարդկանց անձնական մեսիջների միջոցով՝ և՛ Instagram-ում, և՛ Facebook-ում եղել են կոչեր՝ չընտրել կոնկրետ Նաիրա Զոհրաբյանին, կոնկրետ հասցեական կոչեր են եղել: Երբ որ այս ամենը շարունակվում է օրեր շարունակ, բնական է, որ ինչ-որ պահի պետք է լինի արձագանք: Մենք ունենք բազմաթիվ փաստեր և առաջիկայում պատրաստվում ենք այդ փաստերը ներկայացնել նաև եվրոպական կառույցներին: Ի դեպ, Հայաստանում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, այդ փաստերը ներկայացվելու են նաև նրան, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, դուրս է ընդհանրապես տրամաբանության բոլոր սահմաններից»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը:


Պատգամավորի խոսքով, Նաիրա Զոհրաբյանի, նրա մտերիմների ու հարազատների հասցեին ամենակոպիտ վիրավորական ձեւակերպումներն են հնչում և դա բացահայտ արվում է  պետական նախարարությունների աշխատակիցների կողմից: Բացի այդ, մի քանի հազար հոգուց բաղկացած ֆեյքեր են դա իրագործում.


«Այդ ամենը բավականին ապաշնորհ կերպով են անում՝ նույն նկարով մի քանի էջեր են բացում: Երբ բոլոր փաստերը հավաքենք՝ կտրամադրենք»,- ավելացրեց նա:


Միաժամանակ ԲՀԿ-ում չեն կարծում, թե վհուկների որս է սկսվել և հավաստիացնում, որ իրենց գործունեությունը կառավարության շրջանակում նորմալ հունով է ընթանում ու շարունակվում է:


Ի դեպ, Իվետա Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այսօր անձամբ կմասնակցի իրենց թեկնածուի հանրահավաքին, որը տեղի կունենա Նոր Նորք վարչական շրջանում և անձամբ կհայտարարի, թե ինչ է կարծիք ունի Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունների մասին և առհասարակ՝ վերջին օրերի զարգացումների շուրջ: