VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից, ՀՀԿ ԳՄ անդամ իր էմիսարների միջոցով է հաղորդակցվում, հրահանգավորում շարքերին, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի։ Նրանք էլ շարքերին փոխանցել են, որ շուտով կհստակեցվի իրենց ծրագիրը, խորհրդի նիստ կգումարեն, որտեղ նաեւ Վիգեն Սարգսյանին կընտրեն կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնում, որը, ի դեպ, ամիսներ առաջ զբաղեցնում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ի դեպ, վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ իշխանափոխությունից հետո Կարապետյանը չի հեռացել Հայաստանից, ընտանիքի հետ մնում է Երեւանում, կարճ ժամանակով հանգստի է մեկնել ու վերադարձել, սակայն գրեթե լիովին խզել է կապերը ՀՀԿ-ի հետ»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան եւ որոշ քայլեր առաջացրել են Արեւմուտքի տարակուսանքը։ ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, եւ Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը․ «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել մտնել այդ լաբորատորիաները… ռուս մասնագետները երբեք չեն ունեցել մուտքի խնդիր եւ չեն ունենա` սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»։ Ամերիկյան կողմը հասկացրել է, որ պետք է նման հարցերում գոնե պարիտետ պահվի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացվեն։ Մեր տեղեկություններով, սրա արդյունքում հայկական կողմին հասկացրել են, որ սեպտեմբերյան Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին կրթության նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում էր, որ վարչապետ Փաշինյանը ծածանում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը և ինչ հարցադրում անում են, պատասխանում է, թե կոռուպցիայի դեմ են պայքարում: Ինչու է Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից և կոռուպցիայի դեմ պայքարից: Որովհետև ամբողջովին խրված է եղել կոռուպցիայի մեջ և շարունակում է մնալ, անգամ նոր իշխանության պարագայում: Միայն մի շատ աննշան օրինակ. Աշոտյանը ԿԳՆ եղած տարիներից ցայսօր շարունակում է մնալ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Իսկ նրա եղբայրը շարունակում է աշխատեցնել Բժշկական համալսարանի չորս սննդի օբյեկտները՝ երկու բուֆետները, սրճարանը և ճաշարանը: Միթե՞ սա կոռուպցիայի դասական օրինակ չէ, երբ մարդն իր դիրքն ու պաշտոնը օգտագործում է իր և իր շրջապատի համար եկամուտ ապահովելու համար: Թե՞ ինչ-որ մեկը մտածում է, որ Աշոտյանը ոչ մի կապ չունի այդ սննդի օբյեկտները իր եղբոր տնօրինմանը հանձնելու հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում 2001 թ. տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հայաստանյան ներքաղաքական կյանքը: Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ-2018» զորավարժություններով` պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին: ՈՒ այլեւս մեծ կարեւորություն չունի երկու պետական պաշտոնյաների հեռախոսազրույցի բովանդակությունը: Ինքնին փաստը, որ գաղտնալսվել են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը, այդ գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել համացանցում, պարզապես խայտառակություն է: Տեղի ունեցածը լրջագույն հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, թիրախում հայտնվել են ՀՀ անվտանգության ապահովման հարցում ամենաառանցքային դեր ունեցող պաշտոնյաները: Եւ հետո, հայտնի չէ, թե հրապարակող անանուն կողմը էլ ինչ ձայնագրություններ ունի, ինչեր կարող է հրապարակել: ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Եւ հիմա գաղտնալսում իրականացրած անձանց օր առաջ բացահայտելը պարզապես հրամայական է, այլապես կարելի է բավական հեռուն գնացող, տխուր հետեւություններ անել: Մանավանդ, երբ այս ձայնագրությունը համացանցում տեղադրված էր դեռ սեպտեմբերի 5-ից, բայց այդ մասին իմացվեց, երբ լրատվամիջոցները հանկարծ պարզեցին ու գրեցին: Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան: Բայց չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում: Ուստի ամենեւին բացառված չէ, որ համակարգում էլի գտնվեն այդպիսի մարդիկ, որոնք աշխատում են դեռ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից եւ մարդկային փոխհարաբերություններ կարող են ունենալ նրանց կամ նրանց թիմի հետ: Բացի այդ, տարիներ առաջ խոսվեց, որ պաշտոնյաներից եւ մեծահարուստ գործարարներից ոմանք ձեռք են բերել գաղտնալսող սարքավորումներ, ինչպիսիք կան իրավապահ համակարգում, եւ փորձում են միմյանց նկատմամբ այդպես վերահսկողություն իրականացնել»:
«Փաստ» թերթը գրում է. «Երևի թե շատերն են նկատել, որ ի տարբերություն իշխանափոխության առաջին օրերի, վերջին շրջանում չափազանց պասիվ է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա հրապարակային ելույթներ չի ունենում, Ֆեյսբուքում էլ ընդամենը որոշ լինկեր է ժամանակ առ ժամանակ տարածում: Ավելին, նա չափազանց պասիվ է նաև առաջիկա ընտրությունների առումով: Մեզ հասած տեղեկություններով, նման պահվածքի պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին, ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը որոշակի անհամաձայնություն ունի ավագանու ցուցակի առաջին համարի ընտրության առումով, ինչպես նաև կառավարության գործունեության հետ կապված մի քանի հարցերի շուրջ: Մյուս կողմից, խոսակցություններ կան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կոշտ զրույց ունեցել նրա հետ՝ վերջինիս անվան հետ կապված մի քանի սկանդալների (տիկնոջ հետ այց արտասահման, մամուլի քարտուղարի հայտարարություններ, առաջին բորտ և այլն), ինչպես նաև «վարչապետական հովերի» առումով: Ըստ այդ տեղեկությունների, վարչապետը կարգադրել է առայժմ ստվերում մնալ՝ չվնասելու թիմի վարկանիշը: Այս առումով պատահական չէր նույն Միրզոյանի «հրաժեշտի» նմանվող գրառումը, ուր խոսում է «սևացման», ««Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն–ձմեռ 2018 ակցիայի» մասին և հավելում, թե՝ «շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցած կիրակի Արցախի ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ընտրություններ տեղի ունեցան թիվ 11 ընտրատարածքում՝ Շահումյանը, Մարտակերտը եւ Ասկերանի մի մասն ընդգրկող։ 7 թեկնածուից միայն մեկն էր կուսակցական՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած ԱԺԿ-ից, որն էլ հաղթող է ճանաչվել: Արցախի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուլյանն անձամբ է գլխավորել իր թեկնածուի քարոզարշավը՝ օգտագործելով պաշտոնական դիրքը: Համայնքներից մեկում Ղուլյանը բազմազավակ ընտանիքի հորն ընտրակաշառք է խոստացել՝ շինանյութի եւ գումարի տեսքով, եթե քվեարկի ԱԺԿ թեկնածուի օգտին: Քաղաքացին այդ մասին պատմել է, այդ խոսակցությունը ձայնագրված է եւ շուտով կհրապարակվի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ Բեռնափոխադրողները հերթական ծանուցումն են ստացել վրացական կողմից, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած չեն կարող ցորենով բեռնված իրենց մեքենաներով հատել վրացական սահմանը։ «Ոչ մի բան էլ չի լուծվել, էդ զեղչերի մասին խոսակցություններն էլ հեքիաթներ են։ Սեպտեմբերի 14-ից կանգնելու է ներկրումը։ Իսկ եթե 52 տոկոս զեղչ էլ անեն, ապա մեր հաշվարկներով, մեկ է, 46-52 դոլար թանկանալու է ցորենի մեկ տոննան, որն ազդելու է նաև հացի գնի վրա։ Ցամաքային ճանապարհով ու ծովով փոխադրման միջև տարբերությունը կազմելու է 140 դոլար 1 տոննայի համար»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բեռնափոխադրողներից մեկը։ Նրա խոսքով՝ իրենք փաստի առաջ են կանգնելու, քանի որ հեղափոխությունից հետո, երբ հայտարարվեց մոնոպոլիաներ չլինելու մասին, մարդիկ բեռնատար մեքենաներ են գնել, որպեսզի սկսեն ներկրում իրականացնել, բայց հիմա փաստի առաջ են կանգնել, չգիտեն՝ ինչպես մարել իրենց վարկերը, մեքենաների արժեքը վճարել։ Մեր զրուցակցի խոսքով՝ եթե այս հարցը վերջնական լուծում չստանա, իրենք սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացնելու, բեռնատարներով ճանապարհներ են փակելու»։