Հայկ Մարությանն աջակցում է Վանեցյանին եւ պատերազմ հայտարարում նրան գաղտնալսողներին
Հայտնում եմ իմ անվերապահ աջակցությունը ԱԱԾ տնօրեն՝ Արթուր Վանեցյանին: Իսկ այն ուժերին, որոնք իրականացրել են գաղտնալսումը և հրապարակել են այն` հարվածի տակ դնելով Հայաստանի պետականությունը, հայտարարում եմ պատերազմ: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է "Իմ քայլը" դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, խոսքը այսօր Youtube-ում հրապարակված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի սկանդալային ձայնագարության մասին է: Նրանք քննարկվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մարտի-1-ի գործով հարցաքննությունն ու խոսվում այն մասին, թե ինչ պետք է անի դատավորը այդ հարցում:
Արթուր Վանեցյանն անակնկալի է գալիս, երբ լսում է, որ Սասուն Խաչատրյանը ոգևորված է, որ հաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումն է սպասվում: Ըստ Խաչատրյանի՝ երբ նրան փակեն (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին- խմբ.), բոլորը հերթով կգան ու կգրեն: Ի պատասխան դրա Վանեցյանն ասում է, որ դա ճիշտ չէ, դա քաղաքական սկանդալի առիթ կդառնա. «Ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա էլ սա...»,- ասում է Վանեցյանը, ինչին ի պատասխան Խաչատրյանը հորդորում է այդ հարցով խոսել վարչապետի հետ: ԱԱԾ պետը խոստանում է այդպես էլ անել:
Հիշատակվում է մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, այդ թվում նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ նրա մասով ամեն ինչ ավելի քան հիմնավոր է: