ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ դառնալու մասին և նմանատիպ որոշումները չեն կարող կայացվել առանց Հայաստանի համաձայնության: Սա հասկանալի է բոլորին: Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հանդիպման արդյունքների, ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակի ու մի շարք այլ հարցերի մասին։
Նրա խոսքով, բոլորին հավանաբար հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնության նման որոշումներ չեն կարող կայացվել: «Դուք բոլորդ գիտեք, թե ինչ հարաբերություններ են այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք ամեն օր սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին: Ես կարծում եմ, որ դրանից պարզ է դառնում այդ հարցում Հայաստանի ակնհայտ դիրքորոշումը»,- ասել է նա:
Եթե Ադրբեջանը, նշել է Փաշինյանը, ցանկանում է հասնել այդ նպատակին, ապա պետք է նախևառաջ աշխատի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Մինչեւ Մոսկվա մեկնելը «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու խոսակցություններին, Փաշինյանը պատասխանել էր, որ Հայաստանը ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար:
«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական, տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը։ «Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը», - ասել էր Նաղդալյանը։
Ադրբեջանում դիտարկվում է ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը: Հնչում են հայտարարություններ անգամ այդ երկրի ԱԳՆ-ի խոսնակի շուրթերից:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ, այդ թվում նաև Հայաստանը, ունեն վետոյի իրավունք, ցանկացած որոշում կազմակերպությունը ընդունում է կոնսենսուսի ձևաչափով և կարող են թույլ չտալ, որ կազմակեպությանը նոր երկիր միանա։