Այսօր Ղրղզստանում մեկնարկում է թյուրքախոս երկրների համագործակցության 6-րդ գագաթաժողովը: Գագաթաժողովին կմասնակցեն Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թաթարստանի նախագահները, Հունգարիայի վարչապետը և այլոք:
Թուրքիան շարունակում է տարբեր հարթակներ օգտագործել Կենտրոնական Ասիայում` նախկին ԽՍՀՄ թյուրքախոս երկրներում իր ազդեցությունն ամրապնդելու ուղղությամբ ու այսպիսի հանդիպումները նոր հնարավորություններ են ստեղծում Անկարայի համար: Էրդողանն իր արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է պանթուրքիստական, պանթուրանական ուղենիշը, ինչը, սակայն, ՌԴ-ի համար ազգային անվտանգության և անգամ տարածքային ամբողջականությանը սպառնալիք է ներկայանցում:
Թուրքիան իր տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական ազդեցությունն է տարածում մի տարածաշրջանում, որտեղ Մոսկվան ունի սեփական աշխարհաքաղաքական շահերը: Չմոռանանք, որ Ղազախստանը, Ղրղզստանը ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ են` Մոսկվայի ռազմաքաղաքական, տնտեսական դաշնակիցները, իսկ Ադրբեջանն էլ սահմանակից է անհանգիստ Հյուսիսային Կովկասին ու ՌԴ-ի հետ իրականացնում է բազմամիլիարդանոց տնտեսական նախագծեր:
ՌԴ-ի համար Թուրքիայի պանթուրքիստական և պանիսլամական արտաքին քաղաքականությունը սպառնալիք է թե՛ Կենտրոնական Ասիայում ազդեցության և ներկայության թուլացման առումով, թե՛ սպառնում է երկրի տարածքային ամբողջականությանը. ՌԴ-ի թյուրքախոս հանրապետություններն ի դեմս Թուրքիայի կարող են տեսնել, այսպես կոչված, այլընտրանք՝ գոնե հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և լրացուցիչ ներդրումներ բերելու առումով:
Անկարան օգտագործելու է իր ազդեցությունն այդ թյուրքախոս երկրներում soft power-ի մեխանիզմներ ստեղծելու համար:
Ինչ վերաբերվում է ՀՀ-ի շահերին, ապա ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում գործընկերներ Ղազախստանն ու Ղրղզստանը սերտ տնտեսական, էներգետիկ և այլ կապեր հաստատելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ արտաքին քաղաքական որոշումներում հետևելու են Անկարային ու Բաքվին` հայկական տարբեր հարցերում:
Անկարա-Բաքու տանդեմն այս երկրներում, այդ թվում նմանատիպ հարթակների օգնությամբ, ստեղծում է սեփական լոբբին կամ ազդեցության լծակները` ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում պառակտում մտցնելու ու այդ կազմակերպության ներսում ՀՀ-ի աղդեցությունը չեզոքացնելու համար: