Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 1 պատգամավոր:
Պատգամավորները գրավոր առաջարկներ չէին ներկայացրել նախագծում ավելացնելու համար: Անգամ ՀՀԿ-ականները, որ ավելի վաղ հայտնել էին գրավոր առաջարկների մասին այսօր հայտարարեցին, թե հաշվի առնելով, որ խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում, իրենք որոշում են կայացրել օրենքում լրացումներ կատարելու նախագծին կողմ քվեարկել այս տեսքով, իսկ իրենց առաջարկները ներկայացնել լրացուցիչ լրացումների նախագծով: Ավելին՝ հետագայում ԱԺ լսումներ կկազմակերպվեն Սեւանի համալիր վիճակի մասին, փոփոխությունների առաջարկություններ կլինեն այդ լսումների ժամանակ։
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր ժամանակների հայաստանյան կառավարությունների խնդիրը եղել է այն, որ լուծումները եղել են րոպեական և այս նախագիծը պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում:
«Ջրային ռեսուրսների կառավարումը առաջնային խնդիր է, ես կասեի՝ ստրատեգիական խնդիր: Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ այս հարցը ներառվի կառավարության առաջնահերթությունների ցանկում: Երեք տարին մեկ մենք մի Սևան ենք կորցնում, քաղցրահամ ջրի կորուստները կազմում են շուրջ 32, 9 մլրդ խմ: Ամենահամեստ հաշվարկով խոսքը 6,6 մլրդ դոլարի մասին է»,- հայտարարեց նա:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ ոլորտը լուրջ ներդրումների կարիք ունի, այդ իսկ պատճառով կառավարությունը պետք է ներկայացնի առաջիկա 15 տարիներին ջրային ռեսուրսների կառավարման ծրագիր:
Իր հերթին ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը դժգոհեց, թե բոլոր հնչեցրած հարցերի պատասխանները այդպես էլ մնացին անպատասխան և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը դրանց այդպես էլ չպատասխանեց: Օրինակ, նրա խոսքով, պատգամավորների համար այդպես էլ մութ մնաց, թե հավելյալ ջրառից ստացված գումարները ո՞ւր են հոսելու, որքա՞ն են գյուղացիների կորուստները կազմում և այլն:
Ինեսսա Գաբայանն արձագանքեց, որ բոլոր հարցերի պատասխանները նախապատրաստվում են և որ դրանցից որոշներին կոմիտեն կկարողանա պատասխանել միայն ջրառից հետո: Ու թեև կառավարությունը, հայտարարեց նա, խոսում է հավելյալ մինչև 40 մլն խմ ջուր բաց թողնելու մասին, սական իրենք հույս ունեն, որ իրականում հավելյալ բաց կթողնվի միայն 25 մլն խմ ջուր: