Հացահատիկի ներմուծման խնդիրը լուծելու խնդրով կզբաղվի խորհրդարանական դիվանագիտությունը
Հայաստանի խորհրդարանը մտադիր է խորհրդարանական դիվանագիտության միջոցով լուծել հացահատիկի ներմուծման խնդիրը, որ առաջ է եկել Վրաստանի կառավարության որոշմամբ:
Հիշեցնենք, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան հացահատիկի ներկրումը։ Ներկրող ընկերություններին արդեն զգուշացվել է, որ նրանք այլևս չեն կարող փոխադրումներն իրականացնել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։ Վրացական կողմը այս որոշումը պայմանավորում է Լարսի անցակետում՝ վրաց-ռուսական սահմանին գոյացող հսկայական հերթերով:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ խնդրի առնչությամբ զրուցել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք հայտնել են, որ այս փոփոխությունն անխուսափելիորեն կհանգեցնի գնաճին. «Մեկ տոննա հացահատիկի գինը կբարձրանա մոտ 50 դոլարով», - ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են և խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում խորհրդարանական բարեկամության խումբը պետք է փորձի լուծել այդ հարցը:
Իր հերթին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սեպտեմբերին կայանալու է պաշտոնական այց Վրաստան և ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները կլինեն հայկական պատվիրակության կազմում: «Անկասկած, խորհրդարանը իր կողմից կանի ամեն հնարավորը, բայց առաջին հերթին այստեղ պետք է գործի կառավարությունը», - ասաց Շարմազանովը:
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ շեշտեց, որ նմանատիպ խնդիրների հետ առնչվել են նաև վրացական ընկերությունները: Նրա խոսքով, այս փոփոխության ֆոնին վրացական տրանսպորտային ընկերությունները ևս կանխատեսում են գնաճ՝ մեկ տոննայի համար 40 դոլարի չափով: «Ես խոսել եմ Վրաստանում մեր գործընկերների հետ, նրանք մտադիր են այդ հարցը բարձրացնել խորհրդարանում», - ասաց Շիրակ Թորոսյանը: