ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է ռազմական համագործակցության աշխարհագրությունը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է հնդկական կողմի այն հայտարարությանը, թե Երևանի հետաքրքրված է հնդկական արտադրության համազարկային կրակի ռեայտիվ կայաններով:
«ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ», - գրել է նա։
Հնդկական Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրենը հայտարարել էր, որ ՀՀ-ն հետաքրքրված է Pinaka հրթիռահրետանային համակարգով։ Վերջինս 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Աղբյուրը հայտնում է, որ հնդիկ ինժեներները համակարգի համար ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարվող հրթիռ։
Երևանի ցանկությունը՝ գնել հնդկական այդ զինատեսակը, տեղի է ունենում այն շրջանում, երբ ռազմավարական մակարդակի են բարձրացել Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները` տնտեսական, քաղաքական ու ռազմական մակարդակներում:
Իսլամաբադն ու Դելին հակամարտող կողմեր են Քաշմիրի համար և նրանց միջև այսպես կոչված proxy war-ը կամ աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղի է ունենում տարբեր տարածարջաններում` միջինասիական, Հնդկական օվկիանոսի շրջանում, Ասիայում և այժմ էլ կարծես այս մրցակցությունը տեղափոխվում է Հարավային Կովկաս:
Պակիստանն որդեգրել է խիստ հակահայկական դիրքորոշում` չի ճանաչում ՀՀ-ն, չունի դիվանագիտական կապեր Երևանի հետ, վառ ադրբեջանամետ ու հակահայկական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Իսլամաբադը զինում է Բաքվին ու փորձում է Ադրբեջանը դարձնել իր աշխարհաքաղաքական ներկայության պլացդարմ: Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ կապերին ՀՀ-ն պետք է հակադրի ռազմավարական կապերը միջուկային տերություն, տնտեսական հզոր ներուժ ունեցող Հնդկաստանի հետ` օգտագործելով այդ երկրի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ներուժն առաջին հերթին ՀՀ-ի ազգային անվտանգության մակարդակի բարձրացման, զինված ուժերի հզորացման ու Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում ուժերի բալանսը պահպանելու համար: