23.11.2024
ԱՄՆ դեսպանությունը ՀՀ-Իրան հարաբերություններում անելիք չունի. արևելագետ
prev Նախորդ նորություն

Ոչ միայն առաջընթաց, այլև բանակցություններ չկան, ինչը հղի է պատերազմի վտանգով. Աբրահամյան

Հայաստանում հեղափոխությունից ու իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դոփում է տեղում: Առաջիկայում ևս, կարծես, որևէ էական տեղաշարժ՝ կողմերի շփումների առումով չի սպասվում:


Չենք խոսում նաև այն մասին, որ պաշտոնական Երևանի հայտարարությունը, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, որն արվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հերթական ջղաձգումներն առաջացրեց Բաքվի իշխանությունների մոտ: Սակայն այս ամենի ֆոնին Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այսօր հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում է որոշակի շարժ՝ հասարակությունների մակարդակով կողմերի միմյանց ճանաչելու ուղղությամբ»: 


Առաջնագծում իրավիճակի, բանակցային գործընթացում վերջին նորությունների ու տարածաշրջանային զարգացումների հիման վրա արվող կանխատեսումների շուրջ VERELQ-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, արդյոք խախտվել է բանակցային գործընթացում առկա տևական լռությունը և կա՞ ինչ-որ առաջընթաց:

-Պետք է արձանագրենք, որ ներկայումս առաջընթաց չկա ոչ միայն բանակցային գործընթացում, այլև առհասարակ բանակցություններ չկան: Այնպես որ խոսել այդ գործընթացում որևէ տեսակի առաջընթացի մասին սխալ է, որովհետև այս պահի դրությամբ այդ մակարդակում մենք որևէ բան չունենք: Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է հստակ ցույց տալ, որ իր համար առաջնային է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, և այս պարագայում Ադրբեջանը ոչ մի ջանք չի գործադրում գործընթացը քաղաքական լուծման ճանապարհով տանելու ուղղությամբ:

-Ինչո՞վ է վտանգավոր այս իրավիճակը, երբ բանակցությունները, ըստ էության, սառեցված են:

-Առհասարակ, եթե չկան բանակցություններ, ապա ինքնին պատերազմի հավանականությունը մեծանում է և այս պարագայում որքան այս գործընթացը շարունակվի, այնքան հավանականությունը, որ ռազմական գործողությունների կվերսկսվեն, կմեծանա:

-Շատ է խոսվում այն մասին, որ տարածաշրջանում առկա լարված իրավիճակը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ Հայաստանի համար անցանկալի սցենարով: Ինչը պայմանավորված է ուժեղացող Թուրքիայով, ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ մակարդակով, ուժեղացող իրանա-ադրբեջանական հարաբերություններով և այլն:

-Մեր հարևանությամբ ու այս տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած գործընթաց ազդեցություն ունի ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա և Ղարաբաղը բացառություն չէ:


-Անցած շաբաթ հակառակորդը հերթական հարձակման փորձն է ձեռնարկել ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ և հետ շպրտվել: Ինչպիսի՞ն է իրավիճակն  առաջնագծում:


-Իրավիճակը փոփոխական է, Ադրբեջանն անընդհատ փորձելու է ճեղքման հատվածներ գտնել առաջնագծի տարբեր ուղղություններով: Այս կոնտեքստում մեր խնդիրն է  հնարավորինս անվտանգ դարձնել առաջնագիծը և հնարավորինս բարձրացնել հայկական զորքերի զգոնությունն ու մարտունակությունը:


Լիա Խոջոյան