23.11.2024
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Անձեռնմխելիությունը չի գործում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դեպքում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով հուլիսի 27-ից կալանավորված էր, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ երեկ ազատ արձակվեց: Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարել է, թե վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը: Այսինքն՝ ոչ թե փոխվել է նրա խափանման միջոցը, այլ այն պարզապես վերացվել է: Մասնագետները, սակայն, պնդում են՝ անձեռնմխելիությունը չի գործում Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դեպքում: Այս առումով պատահական չէ, որ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը որակել է ապօրինի: ՀՔԾ պնդմամբ` դատարանը դուրս է եկել լիազորություններից: Միաժամանակ ՀՔԾ մարմինը հույս է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ իրենք այդ հարցը կքննարկեն որոշումը ստանալուց հետո, եւ այդ ժամանակ պարզ կլինի իրենց քայլերը: Ինչեւէ, սպասելի էր, որ Վերաքննիչ դատարանի որոշմանը հասարակությունը խիստ բացասաբար կարձագանքի. երեկ դժգոհությունների, քննադատությունների տարափ էր: Մանավանդ, նախկին նախագահին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1998-1999 եւ 2001-2006թթ, աշխատել է նրա աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ: Ու տեսակետ կա, որ նրա որոշման վրա հենց այդ հանգամանքն է դեր խաղացել:


Սակայն անկախ Քոչարյանին ազատ արձակելուց` նկատենք՝ նա մարտի 1-ի գործով շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում: Ասել է թե` տեղի ունեցածը դեռ չի նշանակում, որ ազատ արձակվելուց հետո նա պատասխանատվության չի ենթարկվի: Եւ հետո, նրան 17 օր կալանքի տակ պահելով, ըստ էության, նոր իշխանությունները ցույց տվեցին, որ անձեռնմխելի մարդիկ չկան, եւ որ անգամ նախկինում նախագահի կարգավիճակը կալանքից եւ պատասխանատվությունից ազատվելու երաշխիք չէ: Մեկ փաստ էլ. չնայած հասարակության մի զանգված չընդունեց երեկ տեղի ունեցածը, բայց այն մեկ այլ դրական նշանակություն էլ ունի. այսպես ցույց տրվեց, որ դատական իշխանությունը նախկինի նման չի առաջնորդվում գործող իշխանության թելադրանքով, այլապես հազիվ թե Քոչարյանին ազատ արձակեին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրեր են շրջում, որ իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, ով քաջատեղյակ է Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի դոսյեներից եւ լավ գիտի, թե ում տակ ինչ կա, ում ինչ գործով կարելի է «բռնել»։ Մեզ ասացին, որ Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել․ նա երաշխիքներ է պահանջել, որ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը նրանց կաջակցի ամեն ինչով։ Մենք փորձեցինք կապ հաստատել պրն Հովսեփյանի հետ, բայց նրա հետ կապի բոլոր հնարավոր միջոցները վերջին օրերին անհասանելի են։ Մեր տեղեկություններով՝ Աղվան Հովսեփյանի նման անձնական անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլեւ զորք է բերվել նաեւ Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաեւ այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչեւ հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց: Այդ անձանց շարքում շրջանառվում է նաեւ Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու անունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ Կարապետյանից, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել մեր հարցերին: «Ես որեւէ բան չեմ մեկնաբանում»: Ի դեպ, հատկանշական է, որ օրերս Արցախ էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հանդիպել է նաեւ նախագահ Բակո Սահակյանի հետ: Եվ մեր աղբյուրները հակված են կարծելու, որ այդ գործուղման նպատակներից մեկն էլ ղարաբաղցի պաշտոնյաներին ՀՔԾ հրավիրելու գործընթացն առանց խնդիրների կազմակերպելն է, որպեսզի ՊԲ հրամանատարները չհամառեն ու ներկայանան նախաքննական մարմին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն եւ հարթ չի անցել։ Մեզ հասած լուրերով՝ փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչ թռիչքը հանգրվանել են Մոսկվայի օդանավակայանի VIP սպասարկման սրահում, որտեղ պետք է մի քանի ժամ անցկացնեին՝ մինչեւ Լոնդոն թռչող ինքնաթիռը նստելը։ Բայց երիտասարդները, հավանաբար, շատ են ոգեւորվել իրենց անսպասելի հաջողություններից եւ բարձր կարգավիճակից ու սկսել են վայելել լաունջի հաճույքները։ Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել, երիտասարդները քնած են մնացել եւ ուշացել ինքնաթիռից։ Հետո զանգահարել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին՝ խնդրելով իրենց համար հյուրանոցի սենյակ պատվիրել, սակայն քանի որ այդ օրերին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր ընթանում, բոլոր հյուրանոցները զբաղված են եղել, եւ Ավինյանն ու նրա գրասենյակի ղեկավարը ստիպված են եղել գիշերել օդանավակայանում։ Վարագ Սիսեռյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքնաթիռից ուշացել են։ Նա ասաց․ «Այդպես չի եղել։ Եղել է դեպք, որի հետեւանքով ավելի ուշ ենք գնացել, բայց 1 օր չենք ուշացել։ Մոսկվայից ուշացում եղել է, բայց միջոցառումից չենք ուշացել։ Իմիջիայլոց, միայն մենք չէինք ուշացել, մոտավորապես այնտեղ 20 հոգի կային, որոնք բոլորն էլ բողոքել էին, որովհետեւ շուտ էին փակել գեյթերը։ Մենք էնտեղ մեր բողոքը ներկայացրել ենք, նաեւ տեղյակ ենք պահել Հայաստանի աէրոֆլոտին, որ այդպիսի բան է եղել, խնդիր չառաջացնելու համար սպասել ենք հաջորդ թռիչքին, հաջորդ թռիչքով գնացել ենք Լոնդոն։ Ասեմ՝ իմանաք, որ Լոնդոնի այցը հատուկ բարեգործական այց էր, ՀԲԸՄ-ն էր կազմակերպել, այսինքն՝ պետական միջոցներով չէր։ Միայն մեր ինքնաթիռի հետ չէր խնդիրը, Մունդիալի օրերն էին, իրենք մեկը մյուսի ետեւից խնդիրներ ունեին, դրա համար գեյթերն ավելի շուտ էին փակել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղարկել Համաշխարհային բանկին Հայաստանից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով: Միայն թե փոխվարչապետի նախաձեռնած գործընթացն այնքան էլ հեշտ չի իրականացվելու եւ բավական երկար ժամանակ է պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հայտարարել է, թե այդ գործընթացը կարող է տարիներ տեւել: «Ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը եւ բնականաբար ձեւավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ընթացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե՛ տվյալ երկրում, եւ թե՛ այն ենթադրյալ երկրներում եւ համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 6 տարուց շուտ դժվար է արդյունք ակնկալել»: