ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կբերի սարսափելի հետևանքների. Մեդվեդև
Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է բերել կատաստրոֆիկ հետևանքների: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Դա կարող է հրահրել սարսափելի հակամարտություն: Անհասկանալի է, թե ինչի համար է դա պետք», — ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է ՌԴ վարչապետը:
Մեդվեդևը նաև կարծիք է հայտնել, որ 2008 թվականին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև զինված հակամարտությունից հնարավոր էր խուսափել:
Հիշեցնենք, հուլիսին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յեն Սթոլթենբերգը հաստատել է ալյանսի մտադրությունը ընդունել Վրաստանին ռազմա-քաղաքական բլոկի շարքերը՝ չնշե;ով, սակայն, կոնկրետ ժամկետները: Դեռևս 2008 թվականին Ռումինիայում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները խոստացել էին, որ ժամանակի ընթացքում Վրաստանն ու Ուկրաինան կանդամակցեն ՆԱՏՕ-ին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս խորհուրդ տվեց ՆԱՏՕ-ին մտածել այս երկու պետությունների հնարավոր անդամակցությունից բխող հետևանքների մասին: Նրա խոսքով՝ իր այս անպատասխանատու քաղաքականությամբ ալյանսը տանում է սրացման: