Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման գործընթացը փոխկապակցված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայան՝ պատասխանելով «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին: «Հայաստանում բուռն արաձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները», - հնչում է գործակալության հարցը։
«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով», - ասված է Բալայանի պաատսխանում։
Այս գործընթացները, նրա խոսքով, փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։
«Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։
Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին», - ընգծգում է Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ-ում "Մարտի 1"-ի գործի շրջանակում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցելու եւ կալանավորելու փաստին, հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։
«Մարտի 1»-ի գործի շրջանակներում քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնյաների թվում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ներկայումս ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որն այն ժամանակ ՊՆ-ի Երեւանի կայազորի հրամանատարն էր: Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու համար:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: