24.11.2024
Ադրբեջանը պատրաստ է ուկրաինական Ան–178 ձեռք բերել
prev Նախորդ նորություն

Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգը. Արշավիր Ղարամյան

Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգը: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:


«Հարգելի հայրենակիցներ, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները», - Ղարամյանը Facebook-ի իր էջում:


Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանն Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ հայտարարելով, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։


Նախ նա հայտարարեց, որ արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն ու շարունակեց. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք և այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»։


Արշավիր Ղարամյանի խոսքով, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու առավել կոշտացնում իր մաքսիմալիստական մոտեցումները, անթույլատրելի է համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը: «Մանավանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր ենք սրբորեն պահել ու պաշտպանել», - ասված է նրա հայտարարության մեջ:


«Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ եւ վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց եւ արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ:


Մենք ուժեղ ենք միասին», - ասված է նրա գրառման մեջ, որի տակ ստորագրել է Արշավիր Ղարամյանը հետեւյալ կերպ՝ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» եւ «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր, արցախյան շարժման ակտիվ մասնակից, 1988 թվականի ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, կամավորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (Արշոյի բատալիոն) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան: