24.11.2024
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՀԱՊԿ երկրներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:


«Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց», - ասաց նա «Արմենպրես»-ին։


Բալայանի խոսքով՝ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին։


Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով "մարտի 1-ի գործով" մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականին տապալել է սահմանադրական կարգը, ազատ է արձակվել՝ վճարելով 5 մլն դրամ գրավ։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ “մարտի 1-ի” գործով պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008 թ-ի արյունալի իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին եւ այդ ժամանակ ՊՆ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին, որն այժմ հանդիսանում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Քոչարյանը հուլիսի 27-ի գիշերը դատարանի որոշմամբ կալանավորվեց, իսկ Հարությունյանն այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: